Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը մանրամասն ներկայացրել է ինչպես են գերիներ ունեցող այլ երկրների կառավարություններն իրենց դրսևորում սեփական քաղաքացիներին պատանդառությունից ազատելու համար։
Փաստաբանի X միկրոբլոգի գրառումը՝ ստորև.
«Լիովին համաձայն եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Ադրբեջանում կալանավորված այլ հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և գերիներին ազատելու համար։
Ահա թե ինչու այս ցուցակի բոլոր կետերը վերցված են բացառապես այն օրինակներից, թե ինչ և ինչպես են արել այլ կառավարություններն օտար երկրներում պատանդների ազատ արձակման ուղղությամբ իմ 25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում: Չէ՞ որ հայ պատանդները, անշուշտ, արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել:
Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։
ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։
Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։
Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք, իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»։