Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը) շարունակում է գործարքներ կատարել ՀԱԵ-ին պատկանող բանկային հաշիվներով և ապրիլի 1-ի դրությամբ դրանցից դուրս է հանել ավելի քան 15 մլն դրամ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու պատճառով հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Զոհրաբյանի խոսքով՝ կարգալույծ լինելու որոշումը ենթադրում է նաև եկեղեցու բանկային հաշիվները տնօրինելու արգելք, սակայն Սարոյանը, ըստ նրա, հարկադիր կատարողի աջակցությամբ շարունակում է շրջանցել այդ սահմանափակումը։
«Հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը և նման լիազորություն է տվել։ Նրանք այս ընթացքում ապահովել են Արման Սարոյանի քմահաճույքները, հարկադիր կատարողը դարձել է նրա անձնական աշխատողը», – ասել է փաստաբանը։
Արա Զոհրաբյանը նաև մտահոգություն է հայտնել, որ նախկին հոգևորականը կարող է տնօրինել բանկային հաշիվներում առկա մնացած միջոցները ևս։
301









