Azg.am-ը ներկայացնում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի «Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե» վերլուծական հոդվածը.
Անկեղծ ասած՝ մայիսի 4-ից հետո ինձ մոտ մնացել է շատ տհաճ, դառը տպավորություն, երբ Իլհամ Ալիևը՝ թեկուզ տեսակապով, Երևանի սրտում հավաքված Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ներկայությամբ մեր ռազմագերիներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Արցախում էթնիկ զտումների գործողությունը՝ «տարածքային ամբողջականության վերականգնում»։
Քաղաքական ապտակ, որ փաթեթավորված էր խաղաղության հռետորաբանության մեջ։
Մենք այս ամենն արդեն տեսել ենք։
Բաքվի բռնապետը տասնամյակներ շարունակ կատարելագործել է Եվրոպայի հետ ուլտիմատումների լեզվով խոսելու արվեստը։ Ալիևն ուղղակի մեղադրեց Եվրոպական խորհրդարանին «խաղաղության սաբոտաժի» մեջ՝ վկայակոչելով 5 տարում ընդունված 14 բանաձևերը, և ցուցադրաբար սառեցրեց համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։
Այս ամբողջ «մեկ դերասանի թատրոնը» խաղացվել էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար՝ հստակ ցույց տալու, որ Բաքուն այլևս ոչ թե պաշտպանվում է, այլ ինքն է թելադրում պայմանները Արևմուտքին։
Սակայն ամենադառնն ու ողբերգականն այլ տեղ է՝ եվրոպացի «խաղաղարարները» ձև բռնեցին, թե այդպես էլ պետք է լինի։ Բաքուն նրանց պետք է՝ որպես գազի այլընտրանքային աղբյուր, և դրա համար պատրաստ են տարիներ շարունակ ձեռք սեղմել ավտորիտար առաջնորդի հետ՝ աչք փակելով նրա հանդուգն հռետորաբանության վրա։
Արևմտյան երկակի ստանդարտները և ստեղծված իրավիճակը վտանգավոր են մեզ համար:
Մինչ վարչապետ Փաշինյանը ժողովրդին հանգստացնում է «խաղաղության խաչմերուկի» մանտրայով, հակառակորդը գործում է շատ կոնկրետ և անողոք։
Բաքուն պլանային կերպով ուժեղացնում է ռազմական մկանները։ 2026 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է 8,7 մլրդ մանաթ՝ գրեթե 5 մլրդ դոլար, որը, բնականաբար, նախատեսված է Հայաստանին «խաղաղեցնելու» համար։
Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանն այս պահին։
Կրճատում է սեփական պաշտպանական ծախսերը մոտ 16 տոկոսով՝ փաստորեն գործարկելով միակողմանի զինաթափման գործընթաց։
Ցինիզմի գագաթնակետը «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն է։ Այն Բաքվում դարձել է պետական ռազմավարություն՝ միջազգային մակարդակով օրինականացման փորձերով։ Երբ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ահազանգում է և երևույթներին տալիս է իրենց իրական անունները՝ ասելով, որ դա Ադրբեջանի դեմոգրաֆիական էքսպանսիայի քաղաքականություն է՝ «վերադարձի» քողի տակ, մեզ անվանում են «խաղաղության թշնամիներ» և մեղադրում են կարգավորման գործընթացը խաթարելու մեջ։
Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հունիսի 18-19-ին՝ մեր «ճակատագրական» ընտրություններից անմիջապես հետո, Բաքուն արդեն նախատեսել է փառատոն «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ծաղրական անվանումով։
Հենց այդ պատճառով էլ առաջանում է վերնագրում դրված հարցը՝ ընտրություններ, թե՞ հանրաքվե։ Մեզ փորձում են դնել կեղծ երկընտրանքի առջև՝ հունիսի 7-ի քվեարկությունը ներկայացնելով որպես «պատերազմ կամ խաղաղություն դիլեմա, ընդ որում՝ «խաղաղության» տակ հասկացվում է Բաքվից իջեցված ճանապարհային քարտեզի անվերապահ ընդունումը։
Սա խաբեություն է։ Իրական ընտրությունը շատ ավելի սարսափելի է՝ կամ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կամ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը
Փաշինյանի ռազմավարությունը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա՝ Արցախից հրաժարվելով և Ռուսաստանից «ազատագրվելով» իբր թե կարելի է ունենալ «պայծառ եվրոպական ապագա» և Արևմուտքի անվտանգության երաշխիքներ։
Բայց ո՞ւր են այդ երաշխիքները։ Ո՞ւր է Եվրոպայի արձագանքը՝ Ալիևի Երևանում արած մարդակեր հայտարարություններին։
Չկան։ Կան միայն հերթական «թղթե» բանաձևեր, որոնք զուրկ են քաղաքական կամքից, առավել ևս՝ անվտանգության երաշխիքներից։
Բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ եթե հունիսի 7-ին Փաշինյանը վերընտրվի, մեզ իսկապես սպասում է «Արևմտյան Ադրբեջան»։
Մեզ առաջարկում են գեղեցիկ խոսքեր և խոստումներ՝ առանց ուժեղ բանակի, առանց դաշնակիցների, առանց հստակ պետական ռազմավարության։
Հունիսի 7-ը հանրաքվե է, որտեղ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» միջև:









