Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «Խաղաղության» պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հետեւանքերը լրջորեն մտահոգում են նաեւ մեր հարեւան Իրանին։ Պաշտոնական խողովակներից բացի, «պայմանագրում» տեղադրված «ականների» մասին իրանական կողմն իր մտահոգություններն է արտահայտում նաեւ այլ միջոցներով։
Դեկտեմբերի 19-ին ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված «irdiplomacy» կայքում հրապարակված իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանի հոդվածը դրա վկայություններից է։
Վերլուծաբանն իր հոդվածում նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները հասել են այնպիսի հանգրվանի, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանից երաշխիքներ պահանջել՝ ապագայում վրեժխնդիր լինելու հավանականությունը բացառելու համար։
Մովահեդիանը փորձում է բացատրել, թե Ադրբեջանն ի՞նչ է հասկանում «վրեժխնդիր լինել » արտահայտությունն օգտագործելով։
Ըստ վերլուծաբանի, Իլհամ Ալիեւի կառավարության նպատակն առաջին հերթին հայկական կողմից երաշխիքներ ստանալն է, որպեսզի Հայաստանը գործնականում չկարողանա /ոչ հիմա, ոչ էլ միջնաժամկետում/ իր կորցրածը վերականգնելու հավակնություններ ունենալ։
Էհսան Մովահեդիանի համոզմամբ, Բաքուն քաջ գիտակցում է, որ հայերը երբեւէ չեն հաշտվի անկախ հայկական տարածքների կորստի, հայերի էթնիկ զտումների, Արցախի բնակիչների բռնի արտաքսման եւ Ադրբեջանի կողմից նրա օկուպացիայի մտքի հետ։
Իրանցի վերլուծաբանը ենթադրում է, որ այս մտահոգությունը փարատելու համար Բաքուն, իբրեւ «վրեժխնդրությունը» բացառելու երաշխիք, ցանկանում է Հայաստանից ստանալ ակնկալվող «խաղաղության» փաստաթղթում հետեւյալ դրույթները ներառելու հնարավորություն՝
- Հայաստանի ներկայիս իշխանություններից ստանալ գրավոր եւ վավերացված համաձայնություն, առ այն, որ Արցախը, ինչպես նաեւ Հայաստանից բռնակցված տարածքներն անցնում են Ադրբեջանին։
- Բաքուն մտադիր է ձեռք բերել Հայաստանը Վրաստանին եւ Իրանին կապող միջպետական եւ առանցքային նշանակության լոգիստիկ ճանապարհների վերահսկողության հնարավորությունը, որի համար օրակարգ է մտցրել Նախիջեւանին հարող Տիգրանաշենի եւ վրաստանամերձ Տավուշի մարզի գյուղերի օկուպացման հարցը։
- Բաքուն ձգտում է հասնել Հայաստանի զինված ուժերի թվաքանակի զգալի կրճատմանը եւ ստանալ զենքի ու զինամթերքի տեսակներն ու անվանումները, ինչպես նաեւ զինված ուժերի որակական ու քանակական տվյալները վերահսկելու հնարավորություն։
- Բաքուն մտադիր է Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության շրջաններում եւ քաղաքներում ստանալ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցման հնարավորութուն։
- Հայաստանի տարածքային ամբողջականության ֆորմալ ճանաչումով, Ադրբեջանը ձգտում է ստանալ Հայաստանի հարավային շրջանի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վրա Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմանի վերահսկողության հնարավորություն, ինչը հետագայում կարող է հանգեցնել Հայաստանից այդ հատվածի անջատմանը։
- Ադրբեջանը ձգտում է հասնել Հայաստանի Սահմանադրության եւ Անկախության Հռչակագրի վերափոխմանը՝ վերացնելով Արցախի Հանրապետությանը, 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանն ու Արեւմտյան Հայաստանին վերաբերող ձեւակերպումները, ինչպես նաեւ հասնել հայոց զինանշանի վրա Արարատ լեռան պատկերի վերացմանը, որը հայկական ինքնության խորհրդանիշերից է։
Իրանցի վերլուծաբանի համոզմամբ, սա իրականում այն գինն է, որ Բաքուն խաղաղության դիմաց պահանջում է Հայաստանից։
Մովահեդիանը չի բացառում, որ ենթադրյալ «խաղաղության պայմանագրի» վերը նշված դրույթները կարող են ներկայացվել առանձին՝ գաղտնի պրոտոկոլների տեսքով, իսկ հանրությանը ներկայացնել միայն անորոշ ձեւակերպումներով համաձայնագրի օրինակը՝ թաքցնելով Բաքվի հետ ձեռք բերված իրական պայմանավորվածությունները։
Հոդվածագիրը կոչ է անում Իրանի իշխանություններին՝ «Խաղաղության համաձայնագրի» շուրջ ընթացող բանակցությունների նկատմամբ դրսեւորել առավելագույն զգոնություն եւ թույլ չտալ Երեւանին պարտադրելու հատկապես վերը նշված 2-րդ եւ 5-րդ ոչ բարենպաստ դրույթները։
Գ․Ա․