Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին ուղևորվել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Վեհաժողովին:
Մեկնելուց առաջ՝ մամուլի ասուլիսում, նա, ինչպես սեպտեմբերի 17-ին կայքէջում նշում է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ասել է, որ ինքը սեպտեմբերի 11-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջակել է հրավիրել հաշտության քառակողմ գագաթնաժողով՝ մասնակցությամբ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների:
Ապաև նա ավելացրել՝ «Մենք իրեն ենք փոխանցել մեր առաջնորդությամբ եռակողմ գագաթնաժողով հրավիրելու մեր առաջարկը: Ավելի շուտ առաջարկեցինք հրավիրել ոչ թե եռակողմ, այլ քառակողմ գագաթաժողով: Այսինքն՝ ասացինք՝ եկեք առկա խնդիրները տարածաշրջանի հետ որևէ առնչություն չունեցող երկրների առաջնորդների (նկատի ունի Մինսկի խմբի եռանախագահող երկրներ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին) հետ քննարկելու փոխարեն, ես, Փաշինյանը, մեծարգո Պուտինն ու մեծարգո Ալիևը միասին քննարկենք: Դեռևս դրական կամ բացասական որևէ պատասխան չենք սատացել: Ես այս հարցը դեռ առանձին կքննարկեմ մեծարգո Ալիևի հետ, ապա նոր հետևություն կանեմ»:
Թե ի՞նչ հետևության կանի Էրդողանը, դեռ չգիտենք, բայց որ հարցի՝ այսինքն ՀՀ վարչապետին արված առաջարկի քննարկումն Ալիևի հետ, ենթադրում է առաջարկի համաձայնեցում եղբայրական Ադրբեջանի նախագահի հետ, ակնհայտ է: Դա, անկասկած, կհանգեցնի, առաջարկով պայմանավորված, թուրք-ադրբեջանական առաջադրանքների համաձայնեցմանը, իսկ այդ դեպքում Էրդողանի առաջարկը Հայաստանի համար կստանա պարտադրանքի բնույթ:
Ինչպես երևում է, Էրդողանն իր մոր ամենախելացի զավակն է, առաջարկի պատրվակով փորձում է Հայաստանին կանգնեցնել մեկը մյուսից կատաղի երեք երկրներին՝ Թուրքիային, Ռուսաստանանին և Ադրբեջանին դեմ հանդիման, որ ստիպված հաշտության պայմանագիր կնքենք ադրբեջանական կողմի հետ և դրա դիմաց բացենք «Զանգեզուր միջանցքը»:
Համենայն դեպս,«РИА Новост»-ին անուղղակի հաստատում է Փաշինյանին Էրդողանի արած առաջարկի մասին «Ակօս»-ի տեղեկությունը՝ ընդգծելով. «Հայ առաջնորդն անդրադարձավ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ քառակողմ հանդիպում հրավիրելու՝ նախագահ Էրդողանի առաջակին: Փաշինյանը նշեց, որ այս կարգի տարբեր առաջակներ են ստացել, և ինքը չի ուզում դրանցից առանձնացնել որևէ մեկը»:
Այլ կերպ՝ ՀՀ վարչապետը դիվանագիտական էթիկայի շրջանակում մերժել է Էրդողանի առաջարկը:
Հակոբ Չաքրյան