«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կա՛մ արդեն ողջ չեն եղել, կամ առնվազն արդեն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհը, ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում: Եթե անկեղծ՝ ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում քննությանն ու պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսևորած հրապարակային, հակասական ու ոչ պրոֆեսիոնալ, հակաօրինական վարքագիծը տվել այդ հիմքերը ծնողներին՝ չհավատալ ու չվստահել դրանց»,- ասել է հունվարի 19-ինԱզատ գյուղի ինժեներասակվավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի ազգականների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Դատաժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, հրդեհի պատճառը հայտնի չէ։ Բայց ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն հվատում դեպքից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե զինծառայողը ավտոբենզինը լցրել է վառարանի կրակի վրա, հետո բենզինի 5 լիտրանոց տարան նետել է գետնին, ու հրդեհը տրածվել է։
Փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ Փաշինյանը սահմանդրաիրավական հիմք չուներ՝ հանդես գալու որպես մեղադրող ու դատավոր։
Մահացած զինծառայողների հարազատները չեն հավատում նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնները խախտելու պատճառով։ Չեն հավատում ՔԿ ղեկավարին, որը կրկնեց ու հաստատեց Փաշինյանի առաջ քաշած վարկածը։
Այս գործով 7-8 պաշտոնանկություն է եղել։ Նորայր Նորիկյանը իրավական է համարում միայն կորպուսի հրամանատարի պաշտոնանկությունը, մնացած բարձրաստիճան զինվորականների ազատումն աշխատանքից, ըստ նրա, անօրինական էր, ու դա արվել է հանրության զայրույթը մեղմելու համար, բայց դա չի նպաստում գործի բացահայտմանը: