Ադրբեջանում լրագրողների ազատազրկման մասին փետրվարի 6-ի համարում տեղեկացրել է թուրքական «Dunya Bulteni» թերթը: Ահա թե ինչ է գրում. «Ադրբեջանում լրագրողի ձերբակալությունը, որը նաև իրավապաշտպան է, բուռն հակազդեցություն առաջ բերեց ընդիմության շրջանում:
Թմրանյութ օգտագործելու պատճառաբանությամբ՝ մի թերթում որպես խմբագիր աշխատող Հիլալ Մամեդովի ձերբակալումից հետո ադրբեջանական ընդիմադիր խմբավորումները, հանդես գալով հայտարարությամբ, նշեցին, որ ձերբակալվող կամ կալանվող բոլոր ընդիմադիրներին այս կարգի մեղադրանքների հարուցումը երկրում ընդդիմության շարժումը վարկաբեկելու նպատակ է հետապնդում: Նրանք, ովքեր ճանաչում են Մամեդովին, ընդգծել են, որ նա թմրանյութ երբեք չի օգտագործել և վնասակար սովորություններ չունի:
Մամեդովի խմբագրած թերթը հրատարակվում է Ադրբեջանի թալիշաբնակ (Լենքորան) շրջանում: Անցած տարիներին Իրանին սահմանակից այս շրջանում բռնկվել էին մի շարք ապստամբություններ, որոնք ճնշվել են բիրտ միջոցներով:
Ի դեպ, Հիլալ Մամեդովի հրատարակած թերթի նախկին արտոնատեր Նովրուզալի Մամեդովն էլ հօգուտ Իրանի լրտեսություն անելու մեղադրանքով 10 տարվա բանտարկության էր դատապարտվել և բանտում էլ մահացել»։
Հակոբ Չաքրյան