Մոսկվան Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին դիտարկում է որպես Երեւանի ցուցադրական հակառուսական ժեստ. այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախկինում Կիև էր գնացել Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ է հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Երեւանում, կարծում եմ, լավ գիտեն նրանց ցուցադրական սիրախաղի մասին, ովքեր ագրեսիվ կերպով ընդդիմանում են մեր երկրին։ Այլ բան ասել չեմ կարող»,- հավելել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ ցավալի է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված և համառորեն ոչնչացնում է Ռուսասատնի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր համարում Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր գործոնը։
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ պետական կառույցների և պաշտոնյաների հետ նույնացվող և ֆինանսավորվող լրատվամիջոցները հակառուսական հայտարարություններ են պարունակում։
Նշենք, որ Հայաստանը համաժողովին ներկայացնում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Էրմակի հետ։