Երբ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր, Եվրախորհրդում Կիպրոսի ներկայացուցիչը բարձրացրեց այս հարցը և ասաց Լեռնային Ղարաբաղից հայերի մոտալուտ արտագաղթի մասին, բայց ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց, քանի որ չկար քաղաքական կոնսենսուս։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Գիտե՞ք՝ ինչու ցեղասպանությունների կանխարգելումը հետաքրքիր չէ. միգուցե ինչ-որ հոլիվուդյան ղեկավար մի շատ լավ ֆիլմ նկարի, միգուցե այդ ֆիլմ Օսկարի կարժանանա, և այդքանը։ Ունենալ Շինդլերի մեկ այլ ցուցակ, մեկ այլ «Մայրիկ», հետաքրքիր է, սենսացիա է։
Մենք խաղաղության կարիք ունենք. եթե կա խաղաղություն, ժողովրդավարական խաղաղություն, շատ դժվար է, տեսականորեն անհնար է ցեղասպանություն նախաձեռնելը և իրագործելը ժողովրդավարական աշխարհում»,- ասաց նա:
Ըստ խորհրդարանականի՝ ցեղասպանությունը կանխելու համար պետք է զրոյական հանդուրժողականություն լինի ատելության խոսքի նկատմամբ, քանի որ դա հանգեցնում է ապամարդկայնացման և հիմք է հանդիսանում ցեղասպանություն իրականացնելու համար»,- ասաց նա։