Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո. գրում է BBC News-ը։
Թրամփը բազմիցս հայտարարել է Մերձավոր Արևելքի դիմագիծը փոխելու իր հավակնությունների մասին, և Նեթանյահուի այցը Վաշինգտոն, կարծես, ամերիկյան նոր վարչակազմի առաջին նշանակալի քայլն է այդ ուղղությամբ:
Գազայի հրադադարի ապագան, իրանական սպառնալիքը և Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորումը երկու առաջնորդների բանակցությունների հիմնական թեմաներն են։
Նեթանյահուն Միացյալ Նահանգներ է ժամանել երեկ և այս շաբաթ կհանդիպի ոչ միայն նախագահի, այլ նաև վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նոր հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի հետ։
«Սա կարևոր հանդիպում է, որն էլ ավելի կամրապնդի Իսրայելի և ԱՄՆ-ի սերտ դաշինքը և մեր համագործակցությունը», – ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը։
«Մենք կքննարկենք Իսրայելի և մեր տարածաշրջանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները՝ լիակատար հաղթանակ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, բոլոր պատանդների վերադարձը և իրանական սպառնալիքին դիմակայելը»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ մեկնելուց առաջ։
Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Գազայի հատվածի ապագան։ Այս խնդրի լուծումը կորոշի, թե Սպիտակ տունը որքանով կարող է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանում իր հետագա ավելի լայն քաղաքականությունը՝ կարգավորելով արաբական աշխարհի և Իսրայելի միջև հարաբերությունները և զսպելով Իրանին. գրում է BBC News-ը։
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց առաջ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ։ Թե՛ հեռացող նախագահ Ջո Բայդենը, թե՛ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատվություն են ստանձնել դրա համար:
Իսրայելը կարծում է, որ չի հասել ՀԱՄԱՍ-ին ամբողջությամբ ոչնչացնելու նպատակին, և ոչ ոք դեռ պատրաստ չէ ասել, թե որքան կտևի հրադադարը։ Արեւմտյան շատ դիվանագետներն ու փորձագետները մտավախություն ունեն , որ համաձայնագրի առաջին փուլից հետո պատերազմը կվերսկսվի։
Վաշինգտոնի սերտ հարաբերությունները Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի այլ երկրների հետ զգալիորեն կբարդանան առանց Գազայի հատվածի վերականգնման և հումանիտար ճգնաժամի արագ կարգավորման հարցում ԱՄՆ օգնության:
Համաձայնագիրը նախատեսում է երեք փուլ՝ Գազայում մնացած 94 պատանդների մեծ մասի (այդ թվում՝ 34 մարդու դիերի) փոխանակում հարյուրավոր պաղեստինցի գերիների հետ, իսրայելական զորքերի դուրսբերում հատվածի մեծ մասից, մնացած պատանդների վերադարձ և վերջապես Գազայի վերակառուցումը միջազգային ջանքերով։
Քննարկման թեմա կլինի նաեւ Իրանի միջուկային ծրագրին հակազդելը։ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջինս թույլ տա հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:
Թրամփն իր հերթին ակնարկել է Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության վերադարձի մասին՝ ստիպելու նրան հրաժարվել միջուկային նկրտումներից, բայց նաև ակնարկել է Իրանի ռեժիմի հետ ինչ-որ գործարքի հնարավորության մասին:
Իրանցի գիտնականների գաղտնի խումբն ուսումնասիրում է միջուկային զենք ստեղծելու ավելի արագ, թեև ավելի կոպիտ մոտեցում, ըստ ամերիկյան հետախուզության, հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին:
Զենք ստեղծելու համար ամիսներ կպահանջվեն, ոչ թե տարիներ, եթե Թեհրանը չորոշի փոխել իր ներկայիս մոտեցումը, ավելացնում է NYT-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Թեև նման զենքերը դժվար կլինի օգտագործել Իսրայելի դեմ, դրանք կարող են զսպող ազդեցություն ունենալ՝ ստիպելով այն երկրներին, որոնք ծրագրելեն են Իրանի վրա հարձակվել, երկու անգամ մտածել:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ չի շտապում ուղղակի հակամարտության մեջ մտնել Իրանի հետ։
Իր երդմնակալությունից անմիջապես հետո այն հարցին, թե արդյոք նա կաջակցի իրանական օբյեկտներին Իսրայելի հարվածներին, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Հիանալի կլիներ, եթե այս հարցը լուծվեր առանց նման քայլի»:
Թրամփին պետք է խաղաղություն Մերձավոր Արևելքում, որպեսզի իրագործի իր հին ծրագիրը՝ ընդլայնել Աբրահամի համաձայնագիրը (համաձայնագիր Իսրայելի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու, այնուհետև Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի միջև) և հասնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման ։ որը տապալվել է (կամ մեծապես հետաձգվել) Գազայի պատերազմի պատճառով:
Բենիամին Նեթանյահուն բազմիցս ուղղակիորեն ասել է, որ դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը։
Թրամփի հայտարարությունն արաբական աշխարհում օրեր առաջ վրդովմունք առաջացրեց, երբ նա կոչ արեց Եգիպտոսին և Հորդանանին օգնել «մաքրել» Գազան՝ ընդունելով պատերազմից ավերված անկլավի բնակչության մեծ մասին:
Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Պաղեստինի իշխանությունները դատապարտել են այդ առաջարկը: Հորդանանն ու Եգիպտոսը նույնպես մերժեցին այդ գաղափարը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։