«Մեր խնդիրների մի զգալի մասը կախված է նրա հետ, որ մենք շահառուին չենք կարողանում տեղ հասցնել, որ որոշումներն իր մասին են: Պետք է խոսել անընդհատ, պարզ, հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել: Կոմունիկացիայի պրոբլեմը կա»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ ինքն ամեն օր բախվում է զարմացած արձագանքների, հայացքների հետ. «Մենք սխալվում ենք, մեզ թվում է, որ սա Կառավարության նիստն է, հիմա ասվեց, ուրեմն վերջ, բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսեցինք, ասուլիսում խոսեցինք՝ բոլորն իմացան: Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում, հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետն այս ժամացույցը, որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, մեջն ինչ միջուկային ռեակտոր է տեղադրված և այսպես շարունակ, ըսենց մի բան դնենք՝ միլիարդներով դիտում կունենա, բայց, որ մարդուն ասես քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքրում:
Սա տեխնոլոգիական դարի առանձնահատկությունն է, սա նշանակում է, որ մենք պետք է ջանք գործադրենք: Այն, ինչ մենք խոսեցինք, պետք է բոլոր հնարավոր շահառուներն իմանան դրա մասին, պետք է կազմակերպել քննարկումներ, պետք է հասցնել մարդկանց: Սա երկրի զարգացումն ապահովելու մասին է, մենք որոշումը կայացնում ենք, դնում դարակը, որոշումները պետք է մտնեն կյանք, պետք է մտնեն կոնկրետ ոլորտներ, պետք է մարդկանց հետ խոսենք: Մեր որոշումները պետք է մեր վիճակագրության մեջ, մեր տնտեսական աճի մեջ երևան, մեր որոշումները բավարար չափով չեն երևում, հետևաբար այստեղ խնդիր ունենք և սա քաղաքական խնդիր է»:
Infoport.am