Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթում հերթական անգամ զրպարտեց Ադրբեջանին և խեղաթյուրեց Արևմտյան Ադրբեջան համայնքի գործունեությունը. ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ինքնակոչ «Արևմտյան Ադրբեջան» համայքի հայտարարությունը, որում ասված է.
«Հիշեցնում ենք Փաշինյանին, որը հայտարարեց, թե «Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ՝ Հայաստանն անվանելով Արևմտյան Ադրբեջան», որ սա այն նույն Հայաստանն է, որը 30 տարի պահել է Ադրբեջանի տարածքը օկուպացիայի տակ և հպարտացել է դրանով, և նույն Փաշինյանը, որը 2019 թվականին Խանքենդիում ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», բայց հետո ասաց, որ «Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին»։
Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինին, ապա այն հիմնված է պատմական և աշխարհագրական ճշմարտության վրա, և մեր համայնքի կողմից դրա օգտագործումը հիմնված է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներով ճանաչված ինքնորոշման իրավունքի վրա։
Այս արտահայտությանն առարկող Ն.Փաշինյանը թող բացատրի, թե ինչու իր տրամաբանությամբ «Լեռնային Ղարաբաղ»-ին «Արցախ» ասելը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալիք չէ, իսկ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը՝ նշանակում է ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, և խաղաղությանն ու հաշտությանը կարելի է հասնել ոչ թե Ն.Փաշինյանի շողոքորթ խոսքերով և իր նկատմամբ «դեմոկրատի» կեղծ կերպար ստեղծելով, այլ անկեղծ քայլերով։ Այս առումով մենք ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կճանաչի ադրբեջանցիների իրավունքը՝ վերադառնալու իրենց պապենական հողերը Հայաստանում և երկխոսություն սկսել Համայնքի հետ՝ արևմտյան ադրբեջանցիների հետ պատմական հաշտեցման հասնելու համար»։
Ներողություն ենք խնդրում Azg.am-ի ընթերցողներից «Արևմտյան Ադրբեջան» ինքնակոչ, կեղծ, զրպարտիչ կազմակերպության տարբերանշանն օգտագործելու համար, բայց Հայաստանում պետք է իմանան, որ Բաքվի բռնապետի կողմից ֆինանսավորվող ու հովանավորվող այդ կազմակերպությունը, որն արհեստականորեն ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո միայն, օրեցօր լեզուն ավելի է երկարեցնում, պահանջներն էլ՝ մեծացնում։