Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլեր ձեռնարկեցին՝ բավարարելով բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է Երևանին վերջին 30 տարվա ընթացքում. փետրվարի 20-ին Ղարաբաղյան շարժման 35 ամյակին նվիրված համաժողովում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Արցախյան հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնն է՝ ինչպես ուզում եք, լուծեք այդ խնդիրը. կարո՞ք եք ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքով լուծել՝ լավ, Ադրբեջանը կարո՞ղ է տարածքային ամբողջականության հիմքով լուծել, դարձյալ՝ լավ։
Միայն թե լուծվի թե՛ արցախյան, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Ինչո՞ւ. որովհետև ԱՄՆ-ն կարծում է, որ այդ խնդիրները լուծելով՝ Ռուսաստանի ազդեցությունը կփոքրանա, և մեր տարածաշրջանում այդ երկիրն այլևս անելիք չի ունենա։
Սա բխում է ԱՄՆ-ի շահերից, քանի որ այդկերպ Ռուսատանին մեր տարածաշրջանից դուրս մղելու հնարավորություն է ստեղծվում։
«Սկսած ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշից՝ այդ երկրի քաղաքականությունը չի փոխվել։ Այդ ամբողջ ընթացքում ՄՆ-ը Հայաստանի հետ բարձր պաշտոնական հրաբերություններում միշտ այդ գիծն է տարել։ Օրինակ՝ գիտեին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում էլ ամենաակտիվն ամերիկացիներն էին. պետքարտուղարը 2 անգամ եկավ Հայաստան։
Հիմա Հայաստանի իշխանությունները պատրաստ են հայ-թուրքական հրաբերությունների կարգավորմանը և բավարարում են բոլոր այն նախապայմանները, որոնք ներկայացնում է Թուրքիան։
30 տարի Թուրքիան ասում էր՝ Ղարաբաղը տվեք, Հայոց ցեղասպանության մասին մոռացեք, շարժվենք առաջ։ Հիմա մենք այդ պահանջները կատարել ենք։ ԱՄՆ-ն տեսնում է, որ խնդրի կարգավորման համար հիմա ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել, հետևաբար մեծանում է հնարավորությունը կա՛մ Ռուսատանին այս տարածաշրջանից դուրս մղելու, կա՛մ նրա ազդեցությունը բալանսավորելու»,- մեր տարածաշրջանում վերջին երկու տարիներին զարգացող քաղաքական իրադարձությունների նկատմամբ ամերիկյան դիրքորոշումը բացատրում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Դեռ վաղ է ենթադրել՝ աշխարհաքաղաքական զարգացումները որ ուղղությամբ կգնան, Ռուսաստանի հաջորդ քայլը ո՞րը կլինի։ Ըստ էության՝ ԱՄՆ-ն էլ է սպասում վերջնարդյունքին, որպեսզի հասկանա՝ Ռուսաստանը դո՞ւրս է մղվելու այս տարածաշրջանից, թե՞ չափավոր բալանսավորված ազդեցություն է ունենալու՝ այն կիսելով Արևմուտքի կամ մի երրորդ երկրի հետ։