«Հաշվի առնելով մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող լուրջ վտանգի առկայությունը՝ պահանջում ենք համապատասխան անցակետ ստեղծել Ադրբեջանի պետական սահմանի Լաչին-Խանքենդի ճանապարհին»,- հայտարարել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։
Նրա տարածած հաղորդագրությունը ծայրից ծայր զրպարտանքու հերյուրանք է՝ հայկական կողմի հասցեին։ Ադրբեջանի ՄԻՊ-ը նույնիսկ նշել է, թե իբր հայերն առաջին անգամ չէ, որ Հայաստանից Արցախ զենք-զինամթերք են տեղափոխում։
«Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի շրջան զենքի, զինամթերքի, այլ ռազմական բեռների, այդ թվում՝ ականների, վառելիքի և կենդանի ուժի տեղափոխման փաստեր նախկինում արձանագրվել են, այդ կապակցությամբ համապատասխան հայտարարություններ են ուղարկվել միջազգային կազմակերպություններին»,-ասել է Ալիևան։
Նշվել է, որ չնայած բոլոր զգուշացումներին, սադրանքները շարունակվել են։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի դիվերսիան Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու համար հող նախապատրաստելու միտում ունի։
Ադրբեջանական կողմը երկու շաբաթ առաջ այդ պահանջը շրջանառեց, անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով արժանացավ մերժման, որին հաջորդեցին թշնամու ծրագրված գործողությունները՝ մարտի 5-ի դիվերսիան ու Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները՝ իբր հայկական կողմի սադրանքները կանխելու համար պետք է ստուգվեն՝ Հայաստանից Արցախ զենք-զինամթերք տեղափոխվո՞ւմ է, թե ոչ, իսկ դրա համար պետք է Բերձոր- Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրվի։