Այս շաբաթ շրջանառության մեջ դրվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին արդարադատության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է տուգանք սահմանել հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյելու կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորելու համար: Հիշյալ արարքն առաջին անգամ կատարելը կպատժվի 100-150 հազար դրամով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնելը` 151-300 հազար դրամով:
168.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե նախագծի հեղինակները ոչ ճիշտ ժամանակ են ընտրել նման նախագիծ ներկայացնելու համար:
«Նախ, ես կարծում եմ, որ երևի ժամանակը չէր այդ կարգի օրենսդրական նախաձեռնություններով զբաղվելու: Ե՛վ խորհրդարանը, և՛ կառավարությունը, կարծում եմ, շատ ավելի լուրջ մարտահրավերներ ունեն, որոնց վրա պետք է իրենց ուշադրությունը դարձնեն: Հաջորդը, ինչ կուզենայի ասել, դա այն է, որ որոշ ձևակերպումներ, թե որն է համարվում այն հանրային հարթակը, որում հայհոյանք հնչեցնելը հավասարեցվում է խուլիգանությանը, և որոնք են այդ հարթակների սահմանները, դա բավականին անորոշ է ձևակերպված օրինագծում և, կարծում եմ` այդ ուղղությամբ դեռ որոշակի քննարկումներ կլինեն, եթե օրենսդրի ուշադրությունը կենտրոնանա հենց այդ նախագծի վրա, թեև, ինչպես ես ասացի` ցանկալի է, որ շատ ավելի արդիական հարցերով զբաղվեին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Հարցին, թե որքանո՞վ այս նախագիծը կանդրադառնա լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մյուս հարթակների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այո, կարելի է կանխատեսել, որ ակտիվանալու է իրավապահ մարմինների ճնշումն այդ հանրային հարթակների վրա, և հաշվի առնելով, որ շատ անկատար են և՛ մեր նախաքննության մարմինները, և՛ ընդհանրապես իրավապահ համակարգը, այստեղ կա շատ լուրջ ռիսկ, որ այն ընտրողաբար կկիրառվի»:
Նավասարդյանի խոսքով` եթե այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա դրա կիրառման սահմաններն այժմ շատ անորոշ են, և դա արձանագրված է նաև նախագծում առկա ձևակերպումներում:
«Բայց ինչպես ես կարող եմ նկատել` դրա շուրջ բավականին շատ այլընտրանքային առաջարկություններ կան, որոնց եթե լրջորեն վերաբերվեն այդ նախագծի նախաձեռնողները, ապա կարող է նաև բարելավել օրինագիծը: Ամեն դեպքում ես կուզենայի ցանկանալ կամ կուզենայի հավատալ, որ այս օրենքի նախագիծը նույն արագությամբ և նույն վճռականությամբ` առանց այլընտրանքային տեսակետներ լսելու, չի ընդունվելու, ինչպես դա տեղի ունեցավ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի հետ կապված նախաձեռնության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք այդ նախագիծը տարակարծությունների առիթ չի կարող տալ, և գուցե կատակները ևս դիտարկվեն սրա համատեքստում, Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, թե հենց նման տարակարծություններից ազատվելու համար պետք է հստակեցվեն օրենքում առկա որոշ ձևակերպումներ:
«Ի վերջո, դա է հիմնական նպատակը կամ հիմնական խնդիրը, որ փորձում է լուծել այդ օրենսդրական նախաձեռնությամբ: Այսինքն՝ ինչպես ձևակերպեցի` հավասարեցնում են հայհոյանքը հանրային հարթակներում խուլիգանության հետ: Այսինքն՝ խուլիգանական արարքը պարտադիր չէ, որ ունենա հստակ հասցեատեր ըստ ներքոյի` Քրեական օրենսգրքի: Փաստորեն, հայհոյանքը լրատվամիջոցներով և ցանցերում հավասարեցվում է այդ կարգի գործողությունների: Ես, իհարկե, իրավաբան չեմ, և ընդամենը իմ՝ որպես լրագրողական հանրույթի ներկայացուցչի պատկերացումներն եմ Ձեզ հետ կիսում, բայց քանի որ նպատակը և խնդիրը, որը փորձում է լուծել օրենքը, դա է, ապա հենց այդպիսին էլ պետք է լինի կարգավորումը: Եվ այստեղ ամենակարևորը՝ առաջինը՝ հստակեցնել կիրառման սահմանները, և երկրորդը, արդեն կիրառման ժամանակ, եթե ընդունվի դա որպես օրենք, բացառվի ընտրողական վերաբերմունք պետական իրավապահ մարմինների կողմից»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ այս նախագիծը չի գնա իշխանությունների ավելի վաղ որդեգրած ուղիով ու կներկայացվի շահագրգիռ հանրության քննարկմանը:
«Ամեն դեպքում այս նախագծի քննարկման ակտիվությունը կարծես թե շատ ավելի հուսադրող է, քան եղել է մեկ այլ օրինակի դեպքում: Բայց նաև մենք տեսնում ենք, որ օրենսդրական նախաձեռնության արձագանքը շատ բացասական է, և եթե ուշադրություն լինի այդ արձագանքին, միգուցե կարող ենք նաև հույս ունենալ, որ նախաձեռնողները կփոխեն իրենց կարծիքը և կհասկանան, որ այդպիսի լուրջ և բարդ խնդիրների լուծման համար և՛ ավելի շատ ժամանակ է պետք, և՛ ավելի չեզոք և բարենպաստ մթնոլորտ է պետք հասարակությունում, քան մենք ունենք այսօր, երբ սրված են հարաբերությունները և՛ քաղաքական, և՛ հասարակական դաշտում»,- հավելեց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դիրքորոշում կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 22-ը:
168.am