Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ձևերով փորձելու է կեղծել ընտրությունները․ քաղաքագետ

153

Իշխանություններն ակնհայտորեն գիտակցում են, որ օր առաջ պետք է երկխոսություն սկսել և գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ այլընտրանքը փակուղին է՝ կործանարար հետևանքներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ վաղ թե ուշ կկայանա իշխանություն-ընդդիմություն հանդիպումը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ նախագահը չհամաձայնեց հանդիպումն անցկացնել Հայրենիքի փրկության շարժման ներկայացրած պայմաններով, քաղաքագետը նկատեց՝ խնդիրը նախագահի անհամաձայնությունը չէ․ «Կարծում եմ՝ պարզապես կառավարության կողմից է մերժումը եղել, այլ ոչ թե նախագահից, որովհետև նախագահն այս դեպքում հանդես է գալիս միջնորդի կարգավիճակում, իսկ միջնորդը պետք է երկու կողմերին էլ լսի։ Կարծում եմ՝ այս փուլում հնարավոր էլ չէր հանդիպումը փողոցի ընդդիմության առաջ քաշած օրակարգով, բայց այն վաղ թե ուշ տեղի կունենա»,-նշեց Արմեն Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է, թե ո՞ր կողմը տեղի կտա, վարչապե՞տը կընդունի ՀՓՇ-ի օրակարգը, թե՞ հակառակը տեղի կունենա, Արմեն Բաղդասարյանը դժվարացավ նշել, թե ով կլինի զիջողը։ Այս պարագայում միջնորդի դերն այն է, որ այդ դիրքորոշումները մոտեցնի․ «Կարծում եմ՝ դա կախված կլինի փողոցային, հանրահավաքային շարժման ակտիվության չափից, քանի որ այս պահին այդ ակտիվությունը չկա, կարծում եմ՝ 17 կուսակցություններն էլ են հայտնվել փակուղում։ Ճիշտ կլինի՝ այդ երկխոսությունն ընթանա առանց որևէ նախապես հստակեցված օրակարգի։ Պարզապես զրուցեն, հասկանան, թե ում պահանջը որն է։ Ամեն դեպքում զարմանալի է, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մեծ ոգևորությամբ չեն մոտենում արտահերթ ընտրությունների գաղափարին։ Այսինքն` այստեղ ինչ-որ եզրեր կան»,-ասաց քաղաքագետը։

Հարցին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարո՞ղ է միջնորդ լինել, համապատասխան չեզոքությունն ունի՞, քաղաքագետը նկատեց՝ նախագահը փորձում է լինել միջնորդ, ավելին, այս իրավիճակում նախագահի ինստիտուտն անկախ անձից բավականին կարևոր է․ «Եթե սովորական իրավիճակներում նախագահը «Անգլիայի թագուհի» է, ապա ֆորսմաժորային իրավիճակներում նա բավականին լուրջ լծակներ ունի և կայունացնող գործոն կարող է դառնալ։ Հիմա Արմեն Սարգսյանը փորձում է դա անել՝ անկախ նրանից լավ է ստացվում, թե վատ է ստացվում, փաստն այն է, որ նա ինչ-որ քայլեր է կատարում, որի արդյունքում քաղաքական լարվածությունը փոքր ինչ թուլացել է»,-ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ Հայաստանին պետք է իշխանափոխություն և ցանկալի է, որ այդ իշխանությունները ձևավորվեն օրինական ճանապարհով, այսինքն ընտրությունների միջոցով․ «Հակառակ դեպքում և՛ Հայաստանում, և՛ արտաքին աշխարհի առաջ այլ ճանապարհով ձևավորված իշխանությունը միշտ ունենալու է լեգիտիմության խնդիր։ Մենք ունենք երկու իրողություն՝ Հայաստանում չկա իշխանություն, բայց պետք է լինի։ Երկրորդ իրողությունն այն է, թե ինչպես պետք է ձևավորվի։

Ցանկալի է, որ այն ձևավորվի օրինական ճանապարհով»,-նշեց քաղաքագետը։

Հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում ժամանակավոր կառավարության ձևավորումը, Արմեն Բաղդասարյանն ասաց, որ դա պետք է քաղաքական երկխոսության առանցքային հարցը լինի․ «Ինքս կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ձևերով փորձելու է կեղծել ընտրությունները՝ կիրառելով վարչական ռեսուրսներ։

Լուծումները տարբեր կարող են լինել, օրինակ` մեկը կարող է լինել նույն նախագահի ինստիտուտը, բայց տեսնում ենք, որ երկու կողմից հարվածում են այդ ինստիտուտին, որովհետև այն ձեռնտու չէ։ Մեխանիզմները կարող են բազմաթիվ լինել, բայց առանցքային հարցն այն է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց այդ ընթացքում ով պետք է ղեկավարի երկիրը և երաշխավորի նորմալ ընտրությունները։ Սա է առանցքային խնդիրը»,-նշեց քաղաքագետը։

Աղբյուր` Փաստինֆո