Այս պահին դժվար է ասել թե ինչպես ընդդիմությունը կնախընտրի գնալ ընտրությունների՝ դաշինքով, թե առանձին-առանձին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ ավելացնելով, որ երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելությունները ու թերությունները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Ասել է թե՝ ապրիլին Փաշինյանը հրաժարական է տալու, որին կհաջորդի խորհրդարանի լուծարման գործընթացը։ Քաղաքական դաշտը ներկայումս նախընտրական խմորումների ու քննարկումների մեջ է ու առայժմ պարզ չէ, թե ընդդիմությունն ինչ ձեւաչափով կմասնակցի ընտրություններին՝ դաշինքով, թե առանձին-առանձին։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ դաշինքով հանես գալու առավելությունը նրանում է, այդ քաղաքական ուժերը կարող են միավորել իրենց հսկայական ռեսուրսները, իսկ թույլ կողմն այն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր համախոհները, որոնց կարող է դուր չգալ այս կամ այն կուսակցության կամ քաղաքական գործիչի հետ համագործակցությունը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է դաշինք կազմեն Քոչարյանն ու ՀՅԴ-ն, ինչը մեր զրուցակիցը եւս շատ հավանական համարեց:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, Քոչարյանը ստիպված է դաշինքով կամ որեւէ կուսակցության հետ գնալ ընտրությունների։ Սեփական կուսակցություն ստեղծելու համար ժամանակը շատ քիչ է։ Եւ ՀՅԴ-ն այդ առումով կարող է շատ հարմար գործընկեր լինել։ Սակայն ես չեմ բացառում, որ դաշինքին կմիանան նաեւ այլ ուժեր՝ «Հայրենիքի փրկության շարժումից», կամ այլ ընդդիմադիր կուսակցություններ: Սակայն այս պահին դժվար է ասել, թե դա ով կլինի։ Մի բան ակնհայտ է, այս քաղաքական ուժը չպետք է լուրջ հակասություններ ունենան Քոչարյանի հետ»,-շեշտեց Խալաթյանը։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ Քոչարյանն ունի բացասական վարկանիշ ու արդյոք դա չի խանգարի հնարավոր դաշինքի մյուս մասնակիցներին քաղաքական պայքարում՝ քաղաքական մեկնաբանը նշեց, որ չնայած Քոչարյանն ունի բացասական վարկանիշ, բայց նաեւ նրա վարկանիշը ամենաբարձրն է ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ։ «Այս պահի դրությամբ շատերը գիտակցում են, որ երկիրը ուժեղ ղեկավարի կարիք ունի։ Եվ չի բացառվում, որ որոշ մարդիկ, որոնք նույնիսկ դեմ են Քոչարյանին այդ փաստը հաշվի առնելով նրան կընտրեն»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է նրան, թե որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան, Խալաթյանը նկատեց, որ ամենայն հավանականությամբ դա կլինի Փաշինյանի եւ Քոչարյանի գլխավորած դաշինքները։ «Առաջին տեղի համար ընտրություններում կպայքարեն Փաշինյանը եւ Քոչարյանը։ Ըստ ամենայնի՝ Քոչարյանի դաշինքը կգրավի երկրորդ տեղը:
Նաեւ կանցնի ԲՀԿ-ն եւ հնարավոր է ՝ ԼՀԿ-ն։ Բավականին մեծ շանսեր ունի Հանրապետական կուսակցությունը, եթե որոշի առանձին մասնակցել ընտրություններին եւ Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը»,-նկատեց քաղաքական վերլուծաբանը։
Փաստինֆո