Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր՝ ժամը 6-ից, փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։ Նրանք նշում են, որ չեն հեռանալու մինչև իրենց որդիները Հայաստանում չլինեն, այսօր-վաղը խոստումներ այլևս չեն ընդունելու:
Հիշեցնենք՝ հինգշաբթի՝ երեկոյան, գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։
Ադրբեջանը պնդում է, թե Խծաբերդում գերեվարվածները ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: