«Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում ապագային ու այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի ու կարող է ունենալ մեկ արտահայտություն՝ այն խաղաղությունն է»,-Աժ արտահերթ նիստում հայարարեց Նիկոլ Փաշինյանը և բացատրեց, որ այն նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ բոլոր չորս հարևանների հետ:
Արձանագրելով, որ հարցն այն է, թե այդ տեսակետն ինչքանով է իրատեսական, իրագործելի և որքանո՞վ է Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը միտված խաղաղությանը՝ Փաշինյանն ասաց, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրի, որ Հայաստան է ճանաչում 29 800 ք/կմ:
Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու մտածում է վերցնել հնարավորինս շատ, իսկ հնարավորության դեպքում՝ ամեն ինչ:
Հայտարարելով, որ Ադրբեջանը դարձել է էներգետիկ ու լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը Ռուսաստանի և որոշ արևմտյան երկրների համար մեծացել է՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց. «Այս իրավիճակը, սակայն, և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ: Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է ու դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի կայունութունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար»:
Փաշինյանը հայտարարեց, որ անելու է հնարավորը Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր ու երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,-ասաց Փաշինյանը և տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022-ին Պրահայում ու Սոչիում, հավելեց. «Այդուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ամբողջ ԽՍՀ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»: