Իրանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան ներկայիս օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման վրա։ Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման կարևորությունը՝ միջազգային իրավական հիմքով։
Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում համատեղ աշխատանքի արագ վերսկսման օգտին։
Ինչպես ադեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հ1-ի տաղավարում խոսել է «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին։
«Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը և, իմիջիայլոց, ասեմ, որ նաև կարևորում ենք: Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այնպես չստացվի, և սա մեզ համար երբեմն կրկնվող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, և չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետև, այնուամենայնիվ, հասկանում ենք, իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք: Ոչ, ամենևին այդպես չէ, և ընդհակառակը, մեր արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում ենք հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից։ Ժամանակին նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- ասել է նա։