Իրանի խորհրդարանի նախագահն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Թեհրանի համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծի ընդունման ֆոնին հայտարարել է, որ երկրի խաղաղ միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կզարգանա։
Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որը հրաժարվեց նույնիսկ դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, աճուրդի հանեց իր միջազգային հեղինակությունը, և այդ պատճառով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը կդադարեցնի իր համագործակցությունը Գործակալության հետ մինչև միջուկային օբյեկտների անվտանգության երաշխիքի ստացումը, և Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը առաջ կշարժվի ավելի արագ տեմպերով», – ասել է Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Իրանը հերքել է մեղադրանքները՝ պատասխան հարվածներ հասցնելով Իսրայելին։
Միացյալ Նահանգներն ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ՝ լույս հունիսի 22-ի գիշերը հարվածներ հասցնելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին։ Դրանից հետո Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս է հայտնել, որ Իրանը, հարվածելով Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային, «պարպել է զայրույթը», և այժմ հնարավոր է ճանապարհը դեպի խաղաղություն ու համերաշխություն Մերձավոր Արևելքում։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։




