Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը։
-Պարո՛ն Պողոսյան, Ձեր կարծիքով ի՞նչ կասեր Վազգեն Սարգսյանը, եթե մեկ ակնթարթ հնարավորություն ունենար տեսնել այն, ինչ մնացել է իրենից հետո՝ կազմաքանդված բանակ, թուլացած երկիր, ազգային արժեքների ոտնահարում։
-Չգիտեմ՝ ինչ կասեր, բայց գիտեմ՝ ինչեր է ասել։ Լավ կլինի՝ փորձենք կյանքի կոչել Վազգեն Սարգսյանի ասածները։ Իսկ ի՞նչ է նա ասել. ասել է՝ «Աթոռի կռիվ մի՛ արեք, տղերք, հողի կռիվ արեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք»։ Ուրեմն այստեղից հետևություն՝ հողի կռիվ է պետք անել։ Հայրենիքը պետք է վերականգնել, Արցախը պետք է վերականգնել, մեր ազգային միասնությունը պետք է վերականգնել։ Վազգեն Սարգսյանը սա էր ասում։ Այդ մարդն ախր ասել է սա, ամեն ինչ ասել է։
-Ասել է, բայց նրա ասածներն այսօր փաստացի չեն արվում։ Ինչո՞ւ։
-Դե այո՛, եթե այդ մարդն ամեն ինչ ավելի քան պարզ ասել է և այսօր այլևս ողջ չէ, ճիշտ չէ՞ նրա ասածներն անել։ Իսկ եթե Վազգեն Սարգսյանի ասածները չեն արվում, նշանակում է՝ ուրեմն այս մարդիկ շահ ունեն, չէ՞, որ չեն անում։ Մարդն ինչ որ պետք է ՝ ասել է, իսկ այս մարդիկ այդ ասածները կյանքի չեն կոչում. ուրեմն խնդիր կա։ Իսկ այդ խնդրի բուն իմաստն այսօրվա դրությամբ պարտությունը պարտակելու, իշխանությունը պահելու հարցն է։
Բայց մենք այս վիճակը չէինք ունենա, եթե նույնիսկ 44-օրյա պատերազմի պարտության ժամանակ ամեն օր հարցնեին՝ ո՞նց էր, որ այն ժամանակ հնարավոր էր հաղթել, իսկ հիմա պարտվում ենք։ Եթե այդ հարցի պատասխանն իրենք իրենց չեն տվել և չեն ասել, որ պետք է ինքնակամ, գիտակցված կերպով հեռանան՝ նոր հնարավորություն տալով, ապա այսօ՞ր ինչ պետք է ասեն։
Այս մարդիկ ամեն օր պարզ ասում են՝ ինչ են անում, ում շահերն են սպասարկում և ինչի համար։ Դրանից ավելի ոչինչ չկա ասելու։
-Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ո՞րն է այս վիճակից դուրս գալու ելքը, ինչպե՞ս պետք է վերագտնել հաղթանակած երկրի և բանակի երբեմնի փառքը վերադարձնելու ուղին։
-Կցանկանայի, որ կարողանայինք պահպանել Վազգեն Սարգսյանին, որին չկարողացանք պահպանել, Սամվել Բաբայանին, որին չկարողացանք պահպանել, Վիտալի Բալասանյանին, որին չկարողացանք պահպանել։ Նրանց ծննդյան օրերն էլ են, չէ՞ լինելու։ Նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ու բաժինն է բերել, ամեն ինչ արել։
Պետք է մտածենք՝ ինչպե՞ս անենք, որ մարտի 5-ը դառնա մեր սպարապետների և ռազմական հերոսների մեծարման օր, որով ճիշտ կդաստիարակենք մեր երեխաներին։ Որ մեր երեխաները նրանց բոլորին հիշեն, նրանց ասածներով առաջնորդվեն։ Պետք է հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ անել, որ ազգային հերոսը մնա ազգային հերոսի կերպարի մեջ, և այդ հիմքով էլ դաստիարակենք մեր ապագա սերունդներին, որոնք էլ կյանքի կկոչեն Վազգեն Սարգսյանի բոլոր ասածները։ Իսկ նա ասել է, որ Արցախյան պատերազմը մեր պետության շահերից էր բխում, և մենք ճիշտ ենք արել, որ հաղթել ենք այդ պատերազմում՝ սկսած մահապարտների ջոկատից, ավարտած մնացած բոլորով։
-Պարո՛ն Պողոսյան, Դուք Արցախյան ազատամարտի առանցքում կանգնած մարդկանց անուններ հնչեցրեցիք։ Բայց նրանց զինակիցներից մեկը՝ ազատամարտիկ, այժմ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանն, այսօր Եռաբլուրում հայտարարեց՝«Վերջը մի անգամ մենք պիտի թագավոր սիրե՞նք, մենք մեր իշխանությանը սիրե՞նք, թե չէ»՝ նկատի ուեննալով ՀՀ գործող իշխանություններին։ Արդյոք սա ազատամարտիկին հարիր կեցվածք է։
-Ասել է՝ ի գիտություն եմ ընդունում, թե ով է Ռազմիկ Պետրոսյանը։ Ինչպե՞ս ենք մենք մտածել նրա՝ ազատամարտի ընթացքում մատուցած ծառայությունների մասին, և ինչպես է այժմ նա մտածում և խոսում։ Իսկ Վազգեն Սարգսյանը որ հիմա լիներ, ի՞նչ էր ասելու. ասելու էր՝ «Եկեք այս պարտված վիճակում ապրե՞նք»։ Պետք էր սրա մասին հարցնել Ռազմիկ Պետրոսյանին, և թող նա պատասխաներ։
Էդ որ ասում է «թագավոր սիրել», պարզապես այն պատճառով, որ ուժ օգտագործելով՝ 3 միլիոնանոց երկրում 600 հազար քվե՞ են ստացել։ Թագավորական ընտանիքները, թագավորները ժամանակին ունեցել են հիմք, թե ինչու են թագավոր կոչվում։ Իսկ ահա գործող իշխանություններն ունեն օրենքով սահմանված պարտականություններ։ Եթե մենք հանրապետություն ենք՝ բառի բուն իմաստով, ապա օրենսդրական դաշտը պետք է աշխատի։
Իսկ օրենսդրությնա մեջ գրված է, որ պետության սահմանները պետք է պաշտպանվեն, գրված է, որ ՀՀ ցանկացած քաղաքացու կյանքը փրկելու համար պետք է պայքար տանել։ Իսկ ինչպե՞ս է Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ֆոնին Ռազմիկ Պետրոսյանը վերաբերում գործող իշխանությունների գործողություններին։
-Վերադառնալով Վազգեն Սարգսյանի խոսքերին, պարո՛ն Պողոսյան,՝ հիշենք Սպարապետի ևս մեկ միտք՝ «Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի՝ խուզի»։ Կարո՞ղ ենք փաստել, որ ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ մեր երկիրն իսկապես դարձել է որբի գլուխ, որն ով ցանկանում է և երբ ցանկանում է՝ խուզում է։
-Բացի այս մտքից՝ Վազգեն Սարգսյանն էլի շատ կարևոր բան է ասել, որն այսօր էլ պետք է լինի՝ «Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»։ Եթե չենք պահել գծված սահմանները, այդ աշխատանքն ո՞վ պետք է աներ։
Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀ գործող իշխանությունները մեր երկիրը չեն դարձրել որբի գլուխ։ Այո՛, դարձրել են, և մեր թշնամիներն ինչպես ուզում՝ այնպես էլ խուզում են։ Ավստրալիային Հայաստանն ընդհանրապես պետք չէ, որ գա, խուզի, բայց մեր թշնամիներն ինչպես ցանկանում են, այնպես էլ խուզում են։