Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝ խոստանալով բանակցություններ սկսել երկուշաբթի, բայց ոչինչ չեն ձեռնարկել:
Այսօր դերձակները կրկին դուրս են եկել փողոց։ Ֆաբրիկայի տնօրենը, որը 3 օր անտեսում էր աշխատողներին և նույնիսկ զանգերին չէր պատասխանում, երկուշաբթի եկել է գործադուլավորների մոտ, հայհոյել և սպառնացել նրանց, ինչպես սովորաբար անում է աշխատանքի ընթացքում՝ Epress.am-ին պատմել են դերձակները։
Մայիսի 8-ին մի քանի տասնյակ միգրանտ աշխատողներ գնացել են Իջևանի ոստիկանության բաժանմունք՝ տնօրինության դեմ հաղորդում ներկայացնելու։
Ոստիկանները չեն ընդունել նրանց դիմումը և խնդրել են վերադառնալ արտադրամաս։ Միգրանտ աշխատողներին անտեսել է նաև Հնդկաստանի դեսպանատունը՝ հորդորելով ինքնուրույն լուծել գործատուի հետ խնդիրները։
Տնօրինության ճնշումների և ապրելու անտանելի պայմանների դեմ բողոքող Հնդկաստանի քաղաքացիները մայիսի 13-ին ենթարկվել են ոստիկանության հարձակման։
Աշխատավորները տեսանյութեր են ուղարկել Epress.am-ին և տեղեկացրել, որ ոստիկանները չեն բացատրել, թե ինչի են եկել և ինչ են պահանջում, բռնի ուժով բերման են ենթարկել առնվազն 9 հոգու։ Ֆաբրիկայի աշխատողները ենթադրում են, որ ոստիկանները սպասարկում են տնօրինության շահերը։
Epress.am-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանները արտադրամասի տարածք են մտել «հանրային կարգի խախտման ահազանգից հետո և բերման են ենթարկել մեկ հոգու, որը հրաժարվել է ենթարկվել պահանջներին»։ Այլ մանրամասներ ուժայինները չեն հայտնել։
18-19 դերձակներից բաղկացած խմբերին ստիպում են աշխատել օրական 11 ժամ, մեկ հերթափոխի ընթացքում նրանք պիտի մոտ 120 կոմպլեկտ համազգեստ կարեն։ Նոր շոֆը հիմա 200 կոմպլեկտ է պահանջում։ Աշխատողները պնդում են, որ դա անհնարին է․ «Մարդ ենք, ռոբոտ չենք»։
Ռուս տնօրենը Epress.am-ի հետ զրույցում փորձել է հերքել՝ ոչ մեկ ոչ մի անհնարին բան իրենցից չի պահանջում, ոչինչ չի ստիպում և այլն։ Աշխատանքային վեճը, ըստ նրա, ծագել է ոչ թե գերշահագործման, այլ աշխատողների խուլիգանության պատճառով։ Նրանք իբրև թե խախտում են պայմանագրային դրույթները՝ հաճախակի զուգարան գնալով և բլյութուզով երաժշտություն լսելով։
Կարի ֆաբրիկայի պատերին եռալեզու հուշաթերթիկներ են կպցրած։ Դրանցից մեկում նշված է, որ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8։00-ին և ավարտվում 19։00-ին։ 11 ժամից՝ 39 600 վայրկյանից, 3 600 վայրկյանը կարելի է ծախսել ճաշի ընդմիջման վրա, «խմելու/քաքելու/թելերի» համար հատկացված է առավելագույնը 1 800 վայրկյան։ Մնացած 34 200 վայրկյանի ընթացքում դերձակները պիտի անընդմեջ կարեն։
epress.am – Անկախ լրագրողների ցանց






