Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան

9

Բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստեր պահելու, ուզում եմ հետևյալ հարցադրումն անել՝ դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ սա պետություն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հարցադրում արեց՝ իսկ այդ դեպքում պետությունը, պետական կառույցներն  ինչի՞ համար են, «պետությո՞ւն է, թե՞ ժեկ»։

Տ.Աբրահամյանը հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին, երբ այս իշխանությունը հիմք դրեց Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացին, հայտարարել էր՝ Հայաստանում ոստիկանական զորքերն այլևս չեն զբաղվելու հասարակական կարգի պահպանությամբ, որովհետև նրանք գնալու են սահմաններ, մարտական հերթապահության իրականացնելու։ Նա ասաց, որ ոստիկանության զորքերի ընդհանուր ռեսուրսների ընդամենը 10-15 տոկոսն է այդ գործին ծառայում։

«Բոլորդ տեսնում եք, թե ոստիկանական զորքերն այս իշխանությունն ի՞նչ ձևով է օգտագործում, ի՞նչ հրամաններ է իջեցնում, ինչ ապօրինությունների մեջ է մտցնում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ վերջին մեկ ամսում, ինչ ակտիվացել է իրենց այս պայքարը, իշխանությունը տարբեր քարոզչական նյութերի, համացանցում մեկնաբանությունների միջոցով Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց անընդհատ ասում են՝ եթե հայրենասեր եք, գնացեք պոստ պահելու։

«Բա ոստիկանության զորքերը … ինչո՞ւ  պոստ չեն պահում կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսի չափով է անում»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, մարդիկ քարոզչական տեսանյութեր են հրապարակում դիքերից, կոչ անում կրկին Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց գնալ դիրքեր, ասում են՝ դրա կարիքը կա։

«Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ բացահայտ ելնում ու հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա։  Բա՞ ԱԱԾ-ն։ Միայն մոնիտորինգ է անում ընդդիմադիր հայացքներով մարդկանց։ Մարդիկ փակ բնույթի տեղեկատվություն են հրապարակում,  ինչո՞ւ այդ մարդկանցով չեք զբաղվում»,- հարցադրումներ արեց Աբրահամյանը։

Նա նշեց, որ այս ամենի ֆոնին ձերբակալում, կալանավորում են մարդկանց, որոնց միավորում է մեկ բան՝ պայքար, պայքար սեփական հողում ապրելու համար։

«Այս իշխանությանն այն, ինչ կապված է պետության, ազգայինի, Հայաստանի ու Արցախի հետ, այնքան խորթ են, որ, բնականաբար, այդ ամենը նրանց բերում է ձերբակալությունների շղթային»,- ասաց Աբրահամյանը։

Տ. Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց պայքարն ուղղված է նաև նրան, որպեսզի իշխանափոխությունից հետո բոլոր մանրամասնություններով հասկանան, թե  ինչ է եղել պատերազմից առաջ, ընթացքում և ինչ իրադարձություններ են հետևել պատերազմին։

«Այս իշխանության պաշտոնավարաման պարագայում, բնականաբար, որևէ մեկը որևէ բան չի իմանալու։ Մեր երկրում կուտակված, ստեղծված բոլոր խնդիրների հիմքում այս իշխանությունն է։
Դրա համար ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ թող գնա, Նիկոլ թող գնա»,- ասաց ընդդիմադիր գործիչ Տիգրան Աբրահամյանը։

Հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ շարունակեցին նրան՝ «Նիկոլ թող գնա, Նիկոլ թող գնա: