Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այս ընթացքում հանդիպել ենք որոշների հետ բաց, որոշների հետ խորհրդապահական: Մենք հիմա դավադրությունների, ենթադրությունների մեջ չենք, մենք ճանապարհը գծել ենք, գնում ենք առաջ: Ով այդ ճանապարհին կկանգնի, բարի է եկել, ով չի կանգնի՝ դուրսը կմնա»,-ասաց նա:
Հարցին՝ վստա՞հ է, որ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կմիանա վարչապետի իմպիչմենթի գործընթացին, Սրբազանը պատասխանեց. «Ես հրապարակավ ամեն ինչ հայտարարել եմ, մնացածը պետք է հարցնեք Իշխան Զաքարյանին, պետք է հարցնեք խմբակցությունների անդամներին: Ինձ ինչո՞ւ եք հարցնում: Ես մարգարե չեմ, ոչ էլ կանխագուշակ, որ իմանամ՝ ինչ կլինի: Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է»:
Նա հայտարարեց, որ իր կողմից վարչապետի հրաժարականի պահանջը անակնկալ է եղել ընդդիմադիր ուժերի համար. «Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է: Սա անմահության երթ է, չակնկալիքների պայքար՝ հաշտության օրակարգով, ճշմարտության հաղթանակ»: