Ինչու՞ մենք պետք է լռենք, երբ իմ և իմ մարտական ընկերների, կառավարության ընկերների 30 տարվա ընթացքում կատարած աշխատանքը պետք է զրոյացնեն։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ապիկար, անտաղանդ, անգրագետ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ այս 2․5 տարվա աշխատանքի մեջ ունենալով որոշակի դրական բաներ, նրանք չեն կարողանում այդ դրականը գեներացնել մեր ժողովրդի մեջ, ներկայացնել ժողովրդին։ Մենք իշխանության չենք ձգտում։ Եթե նույնիսկ ժամանակավոր կառավարությունը գա իշխանության, որևիցե հետապնդում չի իրականացնելու։ Եթե դուք, անփորձ լինելով, բազմաթիվ թերություններ եք թույլ տալիս, բայց փորձառու մարդիկ, իշխանության գալով, մանրակրկիտ զննելու են նաև իրենց կատարած թերությունները։ Այս անգրագետ ղեկավարումն է, որ բերել է պարտության»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Վերջինս ընդգծեց, որ չէր խոսի այդ հանգամանքների մասին, եթե չտեսներ պարտությունների, ձախողումների շարունակականությունը։ Ոչ միայն պարտությունն է պատճառը, որ այս իշխանությունները պետք է փոխվեն, այլև նրանց ոչ արդյունավետ կառավարումն է բերում նրան, որ այսպիսի պարտությունները շարունակական են լինելու։
«Էդ ինչպես եղավ, որ անփորձների մի թիմ կարողանում է այսօր ղեկավարել և քննադատել, իսկ Վազգեն Մանուկյանը չի կարողանա՞ նրանց նման ղեկավարել կամ նրանցից ավելի լավ։ Ում ինչի՞ հետ ենք համեմատում։ Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղն այդ նույն սահմանները, այդ նույն պարտադրումը հակառակորդի կողմից լինելու է մյուս մարզերում։ Չկա որևիցե մեկը, որ այսօրվա ղեկավարությանը հուշի՝ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում։ Երկու գաղափար գոյություն ունի․ դելիմիտացիան նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում, բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ։ Այդ պայմանները հակառակորդի հետ պայմանավորվածությունն է և հարևան պետության կառավարության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է։
Այդ խառը հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա գծի այդ ամեն ինչը, որից հետո պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, այնուհետև պետք է անցնեն սահմանագծման գործընթացի։ Այսինքն, քարտեզի վրա գծագրածն աշխարհագրական մակերևույթի վրա կտեղադրվի։ Սահմանները գծելուց հետո պետք է գան համապատասխան համաձայնության, հաստատվեն պետությունների կողմից, որից հետո արդեն սահմանային համապատասխան սարքավորումներ տեղադրեն։ Եթե տարիների ընթացքում դրանք խախտվում են, գոյություն ունի ռեդեմարկացիա հասկացություն, այսինքն նորից վերանայվում են ու տեղադրվում սահմանային այդ պարագաները։ Ի՞նչ է տեղի ունեցել մեզ մոտ։
Հակառակորդը որտեղ ուզում գալիս կանգնում է և ասում է՝ սա մեր տարածքն է»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ պարտավոր ենք մեզ համար անվտանգային կարևոր նշանակություն ունեցող դիրքերի, բարձունքների վերաբերյալ բանակցել, այլ ոչ թե հապճեպ անել․ «Ի՞նչ է, հակառակորդի առաջ ամբողջությա՞մբ ենք ծնկի եկել։ Այդպես չէ»։
Փաստինֆո