Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը։
Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր։
Մինչեւ հակառակորդի ագրեսիան Շահենի հետ Կապանի զորամասում էր ծառայում նաեւ իր եղբայրը՝ Կարեն Սիրեկանյանը, հարձակման սկսելուն պես եղբայրներին տարբեր դիրքեր են տարել։
NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի եղբայրը պատմեց, որ Շահենը զոհվել է սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Ներքին Հանդի դիրքերից մեկում։
«5 ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Զորամասում եմ վերջին անգամ խոսել իր հետ, կրակային էին գնացել։ Նպատակների մասին չէր սիրում խոսել, իրեն միշտ հիշել ու հիշում ենք բարությամբ, շատ բարի էր»,- պատմեց եղբայրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։