Այդ խնդիրը դեռեւս պարբերական կլինի՝ մինչեւ հստակություն չլինի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից փակված Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։
«Խաղաղության օրակարգը չի նշանակում լինել չպաշտպանված եւ չի նշանակում մեր տարածքների զիջում․ սա շատ հստակ է։ Դա պետական քաղաքականություն է։ Մենք գնալու ենք սահմանազատման եւ մեր տարածքները չենք զիջելու։ Եվ եթե կլինեն այլ առաջարկներ եռակողմից բացի, օրինակ՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում, մենք պատրաստ ենք դա անել։ Ոչ մեկ չի խոսում մեր տարածքների զիջման մասին՝ կլինի դա Սեւ լիճ, բարձունքներ՝ 12 ամսվա ձյունով ծածկված, թե՝ հարթավայրեր։ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի սանտմիետր չի հանձվելու»,- նշեց նա։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը միշտ ունեցել է այլընտրանքային ճանապարհներ։
«Մենք ընդհանրապես այլընտրանքային բոլոր հնարավորությունները պետք է ունենանք։ Այո, անկեղծորեն ուզում ենք, որ ճանապարհը բացվի եւ այդ ճանապարհը բացվելու է»,- ասաց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե հնարավոր է, որ խոսքը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նշած երրորդ փաստաթղթի մասին է, Խաչատրյանն արձագանքեց․ «Ավինյանին գտեք, հարցրեք»։
Անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Թուրքիայից եկող դրական ազդակների եւ դրան փոխադարձ դրական ազդակներով պատասխանելուն, Խաչատրյանը հույս հայտնեց, որ դրանք իրոք դրական են։
«Հուսով եմ՝ դրանք, իրոք, դրական են եւ հնարավորություն կտան հետագայում տարաշրջանային ընդհանուր ենթատեքստում ապաշրջափակման, խաղաղություն երկխոսության»,- ընդգծեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ թշնամի պետությունը զավթել է մեր տարածքը, իսկ նույն պահին Նիկոլ Փաշինյանը խոսում է դրական վերաբերմունքի մասին, նախարարն արձագանքեց․ «Տարբեր բաների մասին եք խոսում, Թուրքիան չէ տարածքը զավթել, Ադրբեջանն է զավթել, իրար հետ մի կապեք»։
News.am