Գրում է թուրքական իշխանամետ «Ենի Շաֆաք» թերթը
Իրանի հայամետ ամեն մի նախաձեռնություն հավասարակշռությունից հանում է Թուրքիային, Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու նախաձեռնութունը՝ առավել ևս: Ընդ որում դեռ որևէ հյուպատոսարան չի բացվել, պարզապես Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին նշում էր Pars Today-ը, Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին հանդիպելուց հետո ասել է. «Այսօր մենք հայտարարեցինք Թեհրանի համաձայնությունը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ, և հուսով ենք, որ Թավրիզում իմ գործընկերոջ ներկայությամբ ականատես կլինենք դրա պաշտոնական բացմանը»։
Այս հայտարարությանը, թեկուզ ուշացումով, բուռն հակազդեցությամբ են արձագանքել թուրքական թերթերը:
Մենք նախըտրեցինք ներկայացնել «Ենի Շաֆաք»-ինը, այն առումով, որ այն իշխանամետ է, երկրում ավելի քան 20 տարի միանձնյա իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցության խոսափող նաև իսլամամետ, հետևաբար արտահայտում է նախագահ Էրդողանի տեսակատը:
Ահա թե «Լարվածությունը սրող քայլ Իրանից. Թավրիզում Հայաստանի հյուպատոսարանն են բացում» խորագրով հոդվածում ինչ է գրել «Ենի Շաֆաք»-ը հունվարի 9-ի համարում, որը նույն օրն արտատպել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը.
«Իրանի և Հայաստանի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 27-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերն Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական ողջ աշխարհին մոտիկից հետաքրքրող զարմանալի մի որոշում են ընդունել: Ըստ որոշման՝ բնակչության 95 %-ը թյուրքերից բաղկացած Իրանի Թավրիզ քաղաքում Հայաստանը հյուպատոսարան է բացում: Հյուպատոսարանի համար հենց թյուրքերով բնակեցված Թավրիզի ընտրությունը թյուրքական աշխարհին հասցեագրված լուրջ ազդանշան է, որովհետև Թեհրանի վարչակարգը տարիներ շարունակ մերժել, ապա մեծ դժվարությամբ միայն արձագանքել էր Ադրբեջանի համանման պահանջին:
Թավրիզում Հայաստանի հյուպատոսարան բացելու որոշման մասին Թեհրանի արած պաշտոնական հայտարարությունը տարածաշրջանում անկասկած կսրի լարվածությունը:
Բացումը, ինչպես Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն է նշել, տեղի կունենա հունվարին:
Ուշագրավ պայմանավորվածություն ղարաբաղյան հաղթանակից հետո
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հունվարի մեկին, անդրադառնալով հյուպատոսարանի բացման հարցին, ընդգծեց Հայաստանի և Իրանի միջև նախապես ստորագրված համաձայնագրի առկայությունը, որտեղ նշված է. «Թավրիզում հայկական կողմը կունենա իր հյուպատոսությունը»:
Այդ հմաձայնագիրը, որի մասին մատնանշում է խոսնակը, ստորագրվել է դեռևս Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո:
Դիվանագիտական շփումների աշխուժացում Իրանի և Հայաստանի միջև
Ղարաբաղյան պատերազմում Հայաստանին սատարող Իրանը միշտ էլ հակադրվել է օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման միջոցով տարածաշրջանում առկա հավասարակշռությունները վերականգնելու դրսևորումներին:
Դիվանագիտական շփումները Իրանի և Հայաստանի միջև աշխուժացել են 2021-ին:
Աշխուժացման առաջին քայլը Իրանն է ձեռնարկել
Կողմերը հյուպատոսություններ փոխանակելու որոշումը կայացրել են երկու երկրների արտգործնախարարնեի՝ 2021 թ. դեկտեմբերին տեղի ունացած հանդիպումների ընթացքում, որի նախաձեռնությունը պատկանում է Իրանին:
2022-ին արդեն նրանք Կապանում ձեռնամուխ են եղել հյոպատոսական գործունեության:
Հատկանշական է, որ Իրանի կողմից իբրև հյուպատոսարանի տեղակայման վայր ընտրված Կապան քաղաքը հենց Ադրբեջանի սահմանին է:
Թավրիզը 95 %-ով թյուրքերով է բնակեցված
Թավրիզում հայկական գլխավոր հյուպատոսարանի բացումը բխում է կողմերի միջև ձեռք բերված նշյալ համաձայնագրից և համարվում դրա երկրորդ քայլը: Ենթադրվում է, որ դա տեղի ունենա հունվարին:
Կամրապնդվեն սահմանային կապերը Հայաստանի հետ
Իրանի արտգործնախարարի և արտգործնախարարության խոսնակի «Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու» հաջորդական հայտարարություններից հետո, մեկ այլ հայտարարություն էլ արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Նա Հանրային հեռուստատեսության էկրանից ասաց, որ Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումից հետո Հայաստանն էլ, բացելով գլխավոր հյուպատոսություն Թավրիզում, ամրապնդելու է երկու երկրների սահմանային կապերը և խթանելու է առևտրական երկկողմ կապերի հետագա զարգացումը:
Չեն կարողանում հաշտվել ղարաբաղյան հաղթանակի հետ
Հայաստանում Իրանի դեսպանը, նկատի ունենալով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումը, ասաց. «Տարածաշրջանում դեմ ենք սահմանների փոփոխությանը: Դա երկրի բարձրագույն մակարդակով արտահայտված «կարմիր գիծն» է, և ոչ ոք չի կարող ստիպել մեզ փոխելու մեր այս մոտեցումը» :
Իրանն ի սկզբանե մտահոգված է
Ղարաբաղյան հաղթանակից հետո Իրանը մերժում է Միջին Ասիային և թյուրքական ողջ աշխարհին անմիջականորեն հետաքրքրող միջանքների բացումը: Դա հատկապես վերաբերում է «Զանգեզուրի» միջանցքին, որի առնչությամբ Թեհրանն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան Հայաստանը:
Այն փաստը, որ «Զանգեզուրի» միջանցքը հաղորդակցության համաթյուրքական գիծ է ստեղծելու և Թուրքիան այդ միջանցքով ցամաքային ուղիղ կապ է հաստատելու Ադրբեջանի հետ, հենց սկզբից լուրջ մտահոգության է պատճառ է դարձել Իրանի համար:
Թավրիզին առնչվող որոշումը՝ յուրատեսակ ուղերձ թյուրքական աշխարհին
Թեհրանի վարչակարգը, հակադրվելով հանդերձ «Զանգեզուրի» միջանցքին, աշխուժացնում է Հայաստանի հետ դիվանագիտական շփումներն Ադրբեջանի սահմաններում և երկրի ազերի թյուրքերով բնակեցված հատվածներում, ինչը չի վրիպել մեր ուշադրությունից:
Նա Ադրբեջանի սահմանը դիտում է որպես հակադրության կենտրոն՝ ընդդեմ «Զանգեզուրի» միջանցքին:
Այսպիսով, Կապանում և Թավրիզում երկու երկրների փոխադարձաբար բացվող հյուպատոսարանները ինքնաբերաբար ստանում են թյուրքական աշխարհին հասցեագրված յուրատեսակ ուղերձի բնույթ:
Ի դեպ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը ռազմական աջակցություն է տվել Հայաստանին և Ադրբեջանի սահմանի երկայնքով զորավարժություններ է իրականացրել, իսկ երբ Թավրիզի ազերի թյուքերը ցույցերով փորձել են հազդել այդ ամենին, Իրանը բիրտ ուժի միջով վճռականորեն ճնշել է ցուցարարներին»:
Հակոբ Չաքրյան, թուրքագետ