ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտավախություն ունի՝ որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայի հատվածում, այնքան մեծ է էսկալացիայի ընդլայնման հավանականությունը. գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող Լիբանանում տեսնել այն, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ այն, ինչ կատարվում է Գազայում, շարունակվի», – գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը։ Իսրայելը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցնելու նաև Գազայի՝ Եգիպտոսի հետ սահմանային հատվածը։ Այս ֆոնին սրվել են նաև Եմենի և ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները։
Ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել և պատերազմական գործողության է վերածվել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից 105-ը 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։