Երկար դադարից հետո Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր: Այս մասին հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից:
«Սուրբ Հարության տոնին Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր։ Երկար դադարից հետո Սուրբ Դադիվանքը իր գրկում կրկին ընդունեց իր ուխտավորներին։ Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։
Թեմակալ առաջնորդի ձեռամբ զատկական Սուրբ Պատարագը մատուցվեց Ամարասի վանքում, որտեղ իրենց մասնակցությունն էին բերում Արցախի Հանրապետության պետական այրերը, գլխավորությամբ նախագահ Տիար Արայիկ Հարությունյանի, Տիարք Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի։
Հավարտ պատարագին թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ Արցախի նախագահները իջան Սուրբ Գրիգորիս Հայրապետի գերեզմանը խոնարհվելու և աղոթելու Արցախի հոգևոր և ֆիզիկական անվտանգության և պետականության ամրության համար»։
Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է։
Հիշեցնենք, որ Դադիվանքի վանական համալիր ուխտագնացների այցը գրեթե անհնարին էր դարձել դեռ անցյալ տարվանից։ Որքան էլ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ջանացել է խնդիրը լուծել՝ Ռուսիո պատրիարքի միջամտությանը դիմելով, այնուամենայնիվ, հաջողություն չի արձանագրվել։






