Կա մեծ խզում մարդկանց ունակությունների եւ ցանկությունների մի կողմից, եւ շուկայի պահանջների միջեւ մյուս կողմից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր նախորդ գրառումներից մեկին, որտեղ նշել էր, որ կան աշխատատեղեր, բայց մարդիկ, որոնք աշխատանք չունեն, չեն ցանկանում այդ աշխատանքը կատարել:
«Ես պետք է խոստովանեմ, որ կառավարությունն էլ ունի մեծ անելիք, որպեսզի մոտեցնի պահանջարկն ու առաջարկը իրար, որ մարդիկ կարողանան իրենց հմտություններին համապատասխան եւ լավ վարձատրվող աշխատանք գտնել: Այստեղ խնդիրները շատ են, բայց ես նաեւ գիտեմ, որ շատ բան կախված է հենց մարդկանցից:
Օրինակներ էլ կարող եմ բերել: Եղավ մի դեպք, եր մի մարդ մի գյուղից ինձ խնդրեց ընտանի կենդանիներով օգնել իրեն, որ կարողանա ընտանիքը պահել: Էլի պատահաբար դրանից մի քա նի օր առաջ ինձ դիմել էր մի գործարար, որը խոշոր անասնապահությամբ է զբաղվում, էլի նույն ռեգիոնում: Ես ասացի՝ ինչո՞ւ ես դու քո համար մի քանի անասուն պահում, կարող ես գնալ, աշխատել այս մարդու մոտ, լավ վաստակել: Ու այդ մարդը կորավ»,-ասաց Քերոբյանը: