Այս խունտայի կրթական ծրագրերի վերաբերյալ իմ կարծիքը վերջնական ասել եմ դեռ 2.5 տարի առաջ, երբ խաչակրաց արշավանք ձեռնարկվեց հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարություններին։
Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ իշխանությունների հիմնական խնդիրը հայ ժողովրդի ուղեղային կենտրոնին հարվածելն է. «Խոսք գնաց ակադեմիան փակելու մասին, խոսք գնաց, որ ազգային մտածողությունը հնացած կատեգորիա է։ Մեր դարավոր թշնամու ձեռքով ներմուծված հստակ կազմակերպված ծրագիր է։ Նրանք եկան և քանդեցին կարևորագույն հենասյուներ, որով հայ ժողովուրդը ժողովուրդ էր. Դա եկեղեցին էր, կրթական համակարգը, և այս մարդկանց տվեցին բոլոր հնարավոր ուղիները, որպեսզի կրթությունը քանդեն»,-նշեց գրականագետը։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ հեռավոր գյուղերում կադրերի պակասի առումով ներդրվում է հեռավար ուսուցումը, Սերժ Սրապիոնյանն ասաց. «Նրանք բոլոր գյուղերը բարձրագույն տեխնոլոգիաներով հագեցրել ե՞ն, որ փորձում են հեռավար ուսուցմամբ դասընթաց վարել գյուղում։ Պարզ չէ՞, որ սա ենթատեքստով նշանակում է՝ փակում են մարզային բոլոր դպրոցները, որպեսզի մեծանան անգրագետ երեխաներ, իրենց պատմությանը, ավանդական կեցությանն անծանոթ, դառնան պարզապես բանվորական էժան ուժ և բանեն իրենց տներում կամ խոհանոցներում։ Ամբողջ նպատակը սա է, որքան կիսագրագետ լինի մասսան, չհասկանա իր առաքելությունը, այնքան հեշտ կկառավարվի, իսկ նրանք կարծում են, որ հավերժ մնալու են»,-նշեց գրականագետը։
Սերժ Սրապիոնյանի կարծիքով ներկայիս իշխանությունները ցանկանում են ժողովրդին վերածել ամորտ զանգվածի և դրա համար շարունակում են կրթական համակարգին հարվածել։ Գրականագետի խոսքով եկեղեցու հիմքերն ամուր էին, որքան փորձեցին վարկաբեկել, չկարողացան, իսկ դպրոցն իրենց ձեռքին է և հեշտ կքանդեն. «Դրա համար էլ աճուրդի է հանում բուհական համակարգի մասնաշենքերը։ Թվում է՝ վարչապետի աթոռը բռնազավթած կենդանու հայրն է սարքել այդ ամբողջը։
Այդ կենտրոնում գոյություն ունեցող շենքերը ճարտարապետական վիթխարի նշանակություն ունեն, դրանք Երևանի դեմքն են։ Ի՞նչ է ուզում սարքել, ուզում է խեղդի այդ ամբողջը, որ թուրքական բաղնիքիներ սարքի՞»,-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։
Աղբյուր` Փաստինֆո