Լաչինի միջանցքի փակումը թափ է հաղորդել ադրբեջանցի հրոսակի վայնասուններին, թե Հայաստանը, սկսած 90-ականների սկիզբներից, ավելի քան 30 տարի անխնա շահագործում է Ադրբեջանի բնական հարստությունները: Ադրբեջանին անվերապահորեն ձայնակցում է մեծ եղբայրը՝ Թուրքիան: Մինչդեռ «մեկ ազգի այս երկու պետության» իշխանությունները շատ լավ գիտեն, որ Հայաստանը կամ հայ ժողովուրդն որևէ առչություն չունի ադրբեջանական այդ հարստությունների շահարկման հետ, եթե անգամ շահագործողների մեջ կան հայեր:
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին պետք է հայտնի լինի այն, որ Հայաստանը չի կարողանում օտարերկրյա շահագործումից պաշտպանել նունիսկ իր իսկ հանքերը: Այդ դեպքում ինչի՞ համար են շահագործման թուրք-ադրբեջանական վայնասունները. ըստ ամենայնի՝ հայերի հանդեպ ատելության պատեհ առիթը դրսևորելու, դրանով սեփական ժողովուրդների ագրեսիվ նկրտումները Հայաստանի դեմ ուղղորդելու Իլհամի և Էրդողանի շատ ազնիվ մղումով, որ իրենք ի վիճակի լինեն հեշտ ու հանգիստ կողոպտել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան:
Համենայն դեպս, Ադրբեջանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությանն առընթեր գործող Երկրաբանական հետազոտությունների գործակալության ղեկավար Ալի Ալիևը դեկտեմբերի 17-ին մամուլի ասուլիս է տվել, որտեղ հրապարակել է օտարերկրյա այն ընկերությունների ցանկը, որոնք իբր «հայաստանյան օկուպացիայի շրջանում ապօրինի շահագործել են Ադրբեջանի հանքերը»: Ակամա հարց է ծագում՝ եթե հանքերը Հայաստանն է շահագործում, ապա ինչո՞ւ միլիարդները դոլարով կուտակում են Իլհամն ու Էրդողանը, սրանց ընտանիքի անդամները, հարազատներն ու մերձավոր շրջապատը:
Վերոհիշյալ ցանկի մասին դեկտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր թուրքական «Timeturk. net» կայքէջը: Ըստ տեղեկության՝ Երկրաբանական հետազոտությունների գործակալության ղեկավար Ալի Ալիևը ասուլիսում ասել է, որ օկուպացիայի տարիներին օտարերկրյա ընկերությունների ապօրինի շահարկման են ենթարկվել Ղարաբաղի և հարակից շրջանների հանքերը: Այնուհետև նա դրանց մեջ հրապարակել է կանադական Sterlite Gold-ի և First Dynasty Mines-ի, շվեցարական Base Metals-ի, ռուսական Geopro Mayning Gold Company-ի, հայաստանյան Armenian Copper Programme-ի Շվեդիայի և Լիխտենշտայնի ընկերությունների հետ համատեղ, ամերիկյան Global Gold-ի և հնդկական Vedanta Resources- ի անունները:
Հակոբ Չաքրյան