«Դեղին քարտ» Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելու համար

293

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել.

«Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ստեղծված լինելով Կառավարության կողմից, իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և վայելում է իրական հարգանք, նրա հեղինակությունն ունի միջազգային ճանաչում:

Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խթանման գործում: Այն բարձրացնում է քաղաքացիների իրազեկվածությունն իրենց իրավունքների վերաբերյալ ոչ միայն հայտարարությունների, այլ նաև իրազեկվածության բարձրացման հանրային արշավների միջոցով, ինչպես նաև նպաստում է քաղաքացիների կողմից հանրային իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողությանը:

Չափազանց կարևոր է այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկության անփոխարինելի աղբյուր է մի շարք ոլորտներում (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելումը Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից քրեակատարողական հիմնարկներ այցերի միջոցով՝ որպես բացառիկ իրավասություն) և ծառայում է այլընտրանքային տեսակետների կամ իրական վիճակի վերաբերյալ տեղեկության վստահելի աղբյուր հասարակության համար։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պաշտպանված են միջազգայնորեն (Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն): Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը ինստիտուցիոնալ վնաս է սահմանադրական այս հաստատության հանրային հեղինակությանը և, հետևաբար, դրա արդյունավետությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության նրա կարողությունները սահմանափակելու միջոցով:

Մենք ուշադիր հետևում ենք այն դժվարություններին, որոնց բախվում է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը մի շարք ոլորտներում հանրային իշխանության մարմինների հետ հարաբերություններում, սակայն դա չպետք է ազդի Կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության վերաբերմունքի վրա՝ կապված հեռարձակման հետ։Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդին անհապաղ վերջ դնել այս անընդունելի քաղաքականությանը և վերականգնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առնչվող բնականոն հեռարձակման քաղաքականությունը։

Սա է երկրում ճիշտ հանրային դիսկուրսը խթանելու ճանապարհը»։