Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով , Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցավ իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով:
Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից:
Դատախազը նշեց, որ կատարված հանցագործությունները հանրային չափազանց մեծ վտանգավորություն են ներկայացնում և ամեն մեղադրանքը առանձին 8-10 տարվա ազատազրկում է նախատեսում: Նա նշեց, որ համաներում պիտի լիներ, որը կմեղմացներ պատժաչափը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, տուժողներն առարկել էին, և դա այս դեպքում չգործեց:
Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով , Արեգ Կյուրեղյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով , Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: