Հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղի մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը՝ մոմ վառելու վայրը։
Նախօրեին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը որքան էլ տարօրինակ է, բռնկվել է գրեթե միաժամանակ։
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն NEWS.am-ին տեղեկացրել է՝ մատուռն այրվել է ամբողջությամբ, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել, տուժածներ չկան:
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինաս եկեղեցին: մատուռի հրդեհով էի զբաղված՝ իմացանք, որ եկեղեցու այդ հատվածը նույնպես հրդեհվել է: Հրշեջներին էլ կանչեցինք, բայց վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի էլ այրվեց, տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը։
Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ որեւէ մեկին չեն կասկածում, սակայն իր կարծիքով հրդեհողը կամ հոգեկան հիվանդ է, կամ այլ դավանանքի տեր անձնավորություն: