«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։
«Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու։ Մեր գործողությունների մեջ մենք ազատ ենք լինելու
Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը
Նա հավելեց, որ այժմ ինքը շարժվելու է դեպի ՆԳՆ, իսկ ցանկացողները կարող են իր հետ գնալ։
«Գնանք տեսնենք՝ ինչ է ասում Վահե Ղազարյանը, ունի՞ ասելիք ընդհանրապես։ Հավանական է, որ չունի։ Եթե չունի, ուրիշ արձանագրում կանենք, եթե կունենա, կլսենք, թե ինչ է ուզում ասել», – ասաց նա։
Նշենք, որ նախօրեին Բագրատ սրբազանի գլխավորությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տերունական աղոթքով արդեն մեկնարկել է հավաքը։ Դեռ մայիսի 28-ին սրբազանը հայտարարել էր, որ այսօր առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։
Սրբազանի խոսքից հետո, նրանք երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք: