Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում»,-նշեցին նախարարությունից` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով:
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։