Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և նվաճել Հայաստանի առաջին ոսկին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը,իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:
Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել նաև 102 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանի 2 ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը, սակայն, անմասն են մնացել մեդալներից։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց է տվել 370 կգ արդյունք (165+205 կգ) և զբաղեցրել է 5-րդ տեղը։
Մրցումային օրվա վերջում մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջանը։ Նրանց ելույթը ժամը 21։00-ից է։