ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի տեսաուղերձի վերաբերյալ՝ այն անվանելով «սադրիչ»։
Դեսպանը նշել է՝ Զատուլի «շնորհավորանքն այսպես կոչված այժմ գոյություն չունեցող ԼՂՀ-ի Անկախության օրվա կապակցությամբ էր»։
Բյուլբյուլօղլին Վոլոդինին գրել է.
«Սադրիչ ուղերձով Կոնստանտին Զատուլինը, իբր հանդես գալով Ռուսաստանի մտահոգ մարդկանց անունից, կրկին հրահրում է հայ հասարակության ռեւանշիստական ուժերին՝ արդեն ավարտված հակամարտությունը վերակենդանացնելու մտացածին հույսերով՝ աջակցություն ցուցաբերելով անջատողականներին։ Ավելին, նա իր խոսքում անդրադառնում է անջատողական ռեժիմի նախկին ղեկավարներին և այլ ահաբեկիչներին, որոնց ձեռքերը ներկված են անմեղ ադրբեջանցիների արյունով։
Ակնհայտ է, որ Կ.Զատուլինը, լինելով պերսոնա նոն գրատա Հայաստանում, շարունակում է զարգացնել ռուս հասարակության մեջ էքսպանսիոնիստական հայացքներն ու նարատիվները, իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգությամբ հայ իր հովանավորների քաղաքական պատվերները՝ միաժամանակ հետապնդելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված սադրիչ գործողություններ.
Մտահոգիչ է այն փաստը, որ այս պատգամավորի կողմից սա առաջին նման դեպքը չէ, նա նախկինում բազմիցս հանդես է եկել մեր երկրի պետականության և ժողովրդի հասցեին արհամարհական հայտարարություններով։
Այս ամենը շարունակում է լուրջ անհանգստություն առաջացնել Միլի Մեջլիսի պատգամավորների և մեր երկրի հասարակական միջավայրում, գրգռում է Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին և բացասաբար է անդրադառնում երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության վրա։
Այս կապակցությամբ ես շտապ խնդրում եմ Ձեզ, հարգելի Վյաչեսլավ Վիկտորովիչ, սկզբունքային մոտենալ այս հարցին՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման և ՌԴ Պետդումայի կանոնակարգի և անել հնարավոր ամեն ինչ՝ նման սադրանքը կանխելու համար»։
Հիշեցնենք, որ Զատուլինը սեպտեմբերի 2-ին ասել է.«Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի։
Աղոթում եմ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան, որովհետև դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլևս հայ չի մնացել»։
Նա նշել է, որ իր պարտքն է համարում ցավակցել հայրենիքը կորցրած արցախցիներին:
«Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ անկախ նրանից, թե ով ինչ ասի այս մասին, ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող չհայտնել մեր համակրանքը, ինչպես նաև ցանկությունը՝ օգնելու ձեզ այսօրվա իրավիճակում: Ես հիմա չեմ ուզում խոսել քաղաքական խնդիրների մասին, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, իհարկե, կան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու և օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը և, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված են եղել փախստական դառնալ»,- ընդգծել է պատգամավորը։
Զատուլինը վստահություն է հայտնել, որ ապագայում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը և Արցախի բնիկ բնակիչները կրկին վերադարձնել:
«Սա իմ ցանկությունն է։ Սա իմ հույսն է»,- ընդգծել է պատգամավորը։
Կարդացեք նաև՝ Դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլևս հայ չի մնացել. Զատուլին