Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի՝ իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի, ԱԺ-ում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բայց սա ամբողջական պատմությունը չէ. 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող յոթնամյա շրջանի, այսինքն 2011-2017 թվականների հետ համեմատած: Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում։
Բայց սա դեռ ամենը չէ. 2024 թվականին ԶՊՄԿ-ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջեն։ Այսինքն, միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար հետևողական գործողությունների արդյունքում, որը ընդ որում միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց երեք տարի. միայն ԶՊՄԿ-ի մասով մենք մեկ միլիարդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։
Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաև Ամուլսարի պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը և Հայաստանի Հանրապետության 12.5% փայաբաժին ձեռք բերելը և ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը, «Վիվասել» ընկերության վաճառքն ու կառավարության 20% փայաբաժին ձեռք բերելը Viva Armenia ընկերությունն էլ 2025 թվականին բացի վճարված հարկերից պետական բյուջե է վճարել երկու միլիարդ դրամ փայաբաժին»,- ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի և տեսանելի։
«Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ պրոցեսի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք, օրինականորեն և անցնցում։ Միևնույն ժամանակ, մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին՝ չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը, հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է, և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,- ասաց նա:
Իր խոսքի վերջում Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումը այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին. «Այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ կառավարության հուսալի և վստահելի գործընկեր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, ՄՎիվա Արմենիա» ընկերության, մեր համասեփականատերերին, արդյունավետ համագործակցության համար, որը մենք անշուշտ կշարունակենք ամենաազնիվ կերպով»,- ասաց նա: