Արցախի խորհրդարանականներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել ՌԴ–ում

132

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով ՌԴ –ում են, տեղեկացնում է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Պատգամավորները Մոսկվայում  հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել Արցախում  հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները։

«Մասնավորապես քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքների տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը», -տեղեկացնում են պատգամավորները։

Ռուսաստանի հայերի հրավերով պատգամավորները մասնակցել են «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին, մտքեր փոխանակել հայկական և ռուսական հասարակական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները մոսկովյան այցի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության  Պետդումայի պատգամավոր Կոնստանտին  Զատուլինի հետ։ Քննարկել են Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակը, հումանիտար և անվտանգային մարտահրավերները, կարևորել Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական, տնտեսական և կրթական ու մշակութային ոլորտները։