Գյումրիում հանրությունը գնացել, իր քվեն է տվել՝ գրված օրենքների համաձայն, և ժողովրդի կարծիքն արհամարհելն անհնարին է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը։
«Ընտրություններն ամբողջովին պատկերը ցույց տվեցին, որ այսօրվա դրությամբ Գյումրիում ընդդիմադիրների ձայներն ընդհանուր ավելի շատ են, իսկ քանի որ ասվում է, որ Հայաստանը ժողովրդավարության երկիր է, ուրեմն մեծամասնությունն էլ իշխելու է։ Ամբողջ խնդիրը նրանում է՝ արդյոք փոքրամասնությունը, որն այս պահին գործող իշխանությունն է, գիտակցելո՞ւ է, որ ժամանակին այնպես է արհամարհել ընդդիմադիրների ձայները, որ հիմա կարող են իրենք նույնն ստանալ։ Չէ՞ որ ասում են՝ ով ինչ անի, իրեն կանի։
Հիմա պատկերեցրեք՝ եթե Գյումրիում ընտրությունները նորմալ անցնեին, ժամանակին փոքրամասնության ձայները լսելի լինեին, հիմա էլ բոլորի ձայները կլսվեին։ Արհամարհանք է եղել. այնպես են արել, որ ոչ մի բանում փոքրմասնության՝ ընդդիմադիրների ձայները չանցնեն՝ կլինի ԱԺ-ում կամ մեկ այլ տեղ»,- ասաց Թևան Պողոսյանը։
Ըստ վերլուծաբանի՝ երեկ Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելն իր համար զարմանալի չէ, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։
Դիտարկմանը, որ գործող իշխանությունը ոչ մի կերպ չի հաշտվում Գյումրու քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ, և ՔՊ-ի ցուցակի առաջնորդ Սարիկ Մինասյանի հայտարարում է, որ «Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների», Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Դա խոսում է այն մասին, որ իշխանության մոտ իսկապես չի եկել այն գիտակցումը, որ ընտրությունների արդյունքները հիմնված են եղել իրենց քաղաքականության վրա։ Հիմա գործող ռեժիմն ուզում է ասել, որ իրենց իշխանության եղած ժամանակ այնպիսի քաղաքականություն է վարել, որ գյումրեցին չի գնացել և իրենց չի՞ ընտրել։
Երեկվա գործընթացը ցույց տվեց, որ Գյումրու ընտրությունները համապատասխանում են ընտրական բնականոն գործընթացներին, ոչ թե նոր ընտրություններին։ Վերջ։ 7 տարվա ընթացքում իշխանության գրած օրենքները տվեցին իրենց արդյունքը։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի անձին, ապա Գյումրիում այդ մասով ընտրողները խնդիր չեն տեսել, մնացած քաղաքական ուժերն էլ օժանդակել են նրան։ Եթե որևէ մեկին չի բավարարում արդյունքը, որովհետև ինքը չի մասնակցել, ուրեմն թող չբողոքի, որ իր չմասնակցելով՝ 2021 թվականին ձևավորվեց այսօրվա իշխանությունը»,- ասաց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: