Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

8

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ: