ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ այսօր մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը:
Ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր արդեն կարող է մատուցել սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար:
Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:
Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:
Տեղեկացում. այսօր Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի ևս 2 շարժական սպանդանոց: