Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու. Փաստաբան

13

«Արթուր Գալեյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մասին. չեմ սիրում ասել, անհիմն է, չպատճռաբանված է։ Մենք մեր պատճառաբանությունները կբերենք, կերևա»,-լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր և հորեղբոր՝ Գարիկ և Արթուր Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո ինքը տեսանյութ է հրապարակելու։

«Այն ամբողջապես պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է մեղսագրվում՝ կապված այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի և այլնի հետ»,-ասաց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ մինչ այս պահը իրենց չի ներկայացվել Գալեյաններին առաջադրված մեղադրանքի հիմքերը։

«Մեղադրանքի էությունը մեզ մինչև այս պահը չի ներկայացվել, հիմքերը չեն պատճառաբանվել։ Հետևաբար որևէ դիրքորոշում չենք հայտնել մեղադրանքի հետ կապված։ Մենք ինքներս չենք հասկացել՝ ինչ է այնտեղ գրված, մեր պաշտպանյալները որտեղի՞ց հասկանան»,-նշեց փաստաբանը։

Վ. Հովհաննիսյանի խոսքով, կալանքի միջնորդությունը քննող դատավորի  հետ կապված վստահորդները որոշակի մտավախություններ ունեն։

«Ես փորձել եմ փարատել, քանի որ մեր գործերով պարոն Պողոսյանը կայացրել է նաև շատ օբյեկտիվ, արդարացի որոշում։ Կարծում ենք, որ այս անգամ ևս դատավորը համարձակություն կունենա և օբյեկտիվ որոշում կկայացնի»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել»։

Աղբյուր` Panorama.am