Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախատեսում է այս կիրակի մասնակցել Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին։ Այսօր լրագրողների հետ զրույցում լուրը հաստատեց ինքը՝ մարզպետը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է իր հետ մարզից այլ քաղաքացիների ևս տանել, Սարգսյանը պատասխանեց՝ դա այնպիսի հարց է, որևէ մեկին չես կարող ասել՝ եկեք գնանք, պատարագի մասնակցենք։
«Դա իրենց ցանկությունը պետք է լինի, իրենք պետք է ուզեն մասնակցել»,- ասաց նա։
«Անկեղծ՝ ուզում եմ մասնակցեմ, զուտ ուզում եմ մասնակցեմ պատարագին։ Առաջին անգամ չեմ մասնակցել, երկրորդին ուզում եմ մասնակցել», – հավելեց նա։
Սարգսյանն անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող՝մարզպետների փոփոխության հարցին։
«Օրակարգում նման հարց չկա։ Ես, համենայն դեպս, ոչինչ չգիտեմ դրա մասին», – նշեց նա՝ պատասխանելով Գեղարքունիքի և Արարատի մարզպետների հնարավոր փոխարինման վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը և իշխանության մի շարք ներկայացուցիչներ Հովհաննավանքում ներկա էին կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագին։ Փաշինյանը և իշխող կուսակցության անդամները հայտարարել են, որ մասնակցելու են նաև կարգալույծ քահանայի՝ այս կիրակի մատուցելիք պատարագին։
 
			 
     
			





