Հունիսի 7-ին պատմական նշանակության, իսկապես շատ կարևոր ընտրություններ են. ճակատագրական որոշում պետք է կայացնենք, Տավուշի մարզի Շամախյան համայնքում բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
«Մենք չպիտի թողնենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն. մենք պիտի որոշում կայացնենք՝ ամեն մարդ։ Մեր ծրագրերը գյուղատնտեսությունից սկսած, կրթություն, առողջապահություն… բոլորը կան։ Կոնկրետ, մասնագիտական հաշվարկված ծրագրեր կան, ոչ թե օդի մեջ, որպեսզի կարողանանք իրականացնել։ Ոռոգման ջրից սկսած՝ մինչև գյուղմթերքի արտադրություն, հատուկ կայանների ստեղծում, որոնք պետք է գյուղացուն օգնեն շուկաներ որոնել։ Պետք է մթերման կայաններ, ապահովագրություն լինեն։ Սրանք միջազգային փորձի, մասնագետների կարծիքների վրա հիմնված ծրագրեր են։
Կրթության բնագավառում ունենք շատ կարևոր ծրագրեր. պետք է այնպես անենք, որ ջահելները մնան Հայաստանում, մեր մարզերում առհասարակ, չգնան։ Իսկ դրա համար ի՞նչ պիտի տանք մեր ջահելներին՝ կրթություն, ապահով կյանք, անվտանգություն և աշխատանք։ Կրթությունը պետք է ծնողի վրա բեռ չլինի»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ «Միասնության թևեր»-ը ծրագրեր ունի նաև առողջապահական բնագավառներում։
Արման Թաթոյանը գյուղացիներին հայտարարեց՝ ինքը երաշխավորված կերպով ասում է, որ իրենք որևէ քաղաքական կախվածություն, առնչություն չունեն նախկին որևէ իշխանության հետ։ «Մերն ինքնուրույն է, անկախ։ Մենք իսկապես առնչություն չունենք։ Կան շատ բամբասանքներ, որ ընտրվենք, մեր ձայները տալու ենք. նման բան չկա։ Մենք ինքնուրույն, անկախ քաղաքական ուժ ենք։ Մենք որևէ արտաքին ուժի չենք ներկայացնում, դա էլ ասեմ։ Այսօր ասում են ռուսամետ, Ամերիկա, Եվրոպա, այսօրվա իշխանությունն էլ ադրբեջանամետ է, չէ՞, լրիվ իրենց մարդն է, իրենց պաշտպանության տակ է։
Մենք որևէ մեկի մեջ չենք մտնում։ Մեր նպատակն է այնպիսի իշխանություն ձևավորել Հայաստանում, որի կենտրոնը լինեն միայն ՀՀ շահերը։ Մեր համար համար մեկ հարցը դա է»,- ասաց Թաթոյանը։
Նա հավաքված գյուղացիներին հավաստիացրեց՝ մինչև վերջ իրենց խոսքի տերն են լինելու, և ինքը, որպես նախկին ՄԻՊ, երբեք չի խաբել, կաշառքներ չի վերցրել, մինչև վերջ տարել է իր գործը։









