Այսօր Սերո Խանզադյանի հիշատակի օրն է

20

Գրող, բանահավաք, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ (անկախությունից հետո` ՀԳՄ) անդամ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, սոցիալիստական աշխատանքի հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 3-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը 1934-1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945)։ 1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։

Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թվականին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ 1938 թվականին գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940 թվականին)։ 1950 թվականին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին։ Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը։ Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1 — 2, 1954-1955) վեպը։ Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով։ Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը։ Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները։

Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար սպարապետ» (1961) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։ XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների։ Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն է։

Խանզադյանը պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1968), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները։ Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։ Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։ Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուսամետ կողմնորոշումը։

Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։ Սերո Խանզադյանը կյանքի վերջին մեկ ու կես տասնամյակում ևս ստեղծել է հետաքրքիր պատմավեպեր, հուշագրություններ և այլ երկեր։ Խանզադյանի այդ տարիների ստեղծագործություններից են «Արաքսը պղտորվում է» (1985), «Անդրանիկ» (1989), «Շուշի» (1991), «Գարեգին Նժդեհ» (1993) պատմավեպերը, «Հորս հետ և առանց հորս» (1986), «Ինչպես հիշում եմ» (1988), «Ղարաբաղը կրակների մեջ» (1998) ինքնակենսագրական և հուշագրական գրքերը, «Պըլը Պուղի» (1988), «Կորած արահետներ» (1989) պատմվածքաշարերը։ Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1977)։

Աղբյուրը` Վիքիպեդիա: